Զոհվածը մոտ 60 տարեկան տղամարդ է, կանաչապատման աշխատակիցներից. ԵՊՀ մասնաշենքի պարետ
ԵՊՀ մասնաշենքի պարետ Էռնեստ Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել հրդեհից։ Նա տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 9։30-ի սահմաններում։
«Ես սենյակում էի, ձայն լսվեց, դուրս եկա։ Ինչ-որ ձայն եմ լսել, բայց չէի ասի, որ պայթյուն է։ Այնտեղ ուսանողներ չեն մտնում, որտեղ եղել է պայթյունը՝ պահեստներ են, կանաչապատման աշխատակիցների հագուստներն են և այլն»,- պատմել է պարետը։
Նրա փոխանցմամբ՝ ծուխ է եղել, ու մի քանի հոգով, այդ թվում՝ ուսանողների հետ, երկու աշխատակցի փորձել են օգնել, դուրս հանել, սակայն երրորդ աշխատակցին չեն կարողացել հանել այնտեղից։
Թովմասյանի խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել.
«Օգնողները մի 4-5 հոգի էին, 3 ուսանող, անվտանգության աշխատակիցը, հետո էներգետիկը եկավ մեր համալսարանի հրշեջ ծաջայությունից։ Խառն էր բոլորիս գլուխը»։
Նա տեղեկացրել է, որ հրդեհից տուժածները 50-60 տարեկան տղամարդիկ են, երեքը, այդ թվում՝ զոհվածը, կանաչապատման ծառայության աշխատակից և ոստիկանը։