ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Գազայից տարհանված 120 ռուսաստանցիներով թռել է Մոսկվա
Գազայի հատվածից տարհանված Ռուսաստանի 120 քաղաքացիներից բաղկացած երրորդ խումբը Եգիպտոսից թռչել է Մոսկվա։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Կահիրեի օդանավակայանից օդ է բարձրացել՝ ուղևորվելով Դոմոդեդովո։ Ինքնաթիռում եղել է 120 մարդ, որոնց երկու օրվա ընթացքում տարհանել են Ռաֆահի անցակետով։ Թռիչքի ընթացքում նրանց ուղեկցել են ԱԻՆ բժիշկներն ու հոգեբանները։
Ավելի վաղ ՌԴ 168 քաղաքացի երկու չվերթով վերադարձել էին Մոսկվա։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների տարհանումը կազմակերպել է ՌԴ ԱԻՆ-ը դիվանագետների հետ միասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ տարհանման ցուցակներում գրանցվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ ինչպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, այնպես էլ հայրենակիցներ այլ երկրներից։ Նոյեմբերի 13-ին Մոսկվայում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ առաջին հատուկ ինքնաթիռը՝ 70 քաղաքացիներով։ Երկրորդ ինքնաթիռը՝ 98 տարհանվածներով, Դոմոդեդովո օդանավակայան էր ժամանել նոյեմբերի 15-ին։