Արևմուտքն Ադրբեջանի վրա ճնշում է գործադրել տարբեր հարթակներում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Մատվիենկոն՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Արևմտյան պետությունները մտադիր էին բորբոքել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը, գիտեք, առաջին իսկ քայլերից միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման գործում։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։

Միաժամանակ նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով զարգանում են, և երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։

«Իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը և մեր նախագահների որոշումը կարևոր քայլ էր, ինչը նոր որակներ և հեռանկարներ հաղորդեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր արդեն քննարկվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ մեծ ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային, միջպետական նախագծերի հարցերը»,- եզրափակել է Մատվիենկոն։

Տեսանյութեր

Լրահոս