Շվեյցարիան կշարունակի կատարել իր պարտավորությունները Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ
Չնայած ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ Շվեյցարիան շարունակում է կատարել իր պարտավորությունները Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ, որոնք բխում են 2009 թվականի իր մանդատից՝ ներկայացնելով ռուսական շահերը Վրաստանում և հակառակը։ Այդ մասին ասված է Շվեյցարիայի Սենատի Կառավարման հանձնաժողովի հրապարակված զեկույցում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Վրաստանի միջև Շվեյցարիայի կողմից իրականացվող հովանավորչական մանդատի համար հնարավոր դիվանագիտական հետևանքներին, Շվեյցարիան տեղեկացրել է Եվրոպական հանձնաժողովին, որ մանդատը կիրառվում է սովորական ընթացակարգի համաձայն և ընդունելով այդ մանդատը՝ Շվեյցարիան պարտավորություններ է ստանձնել երկու պետությունների նկատմամբ, որոնք բարեխղճորեն կատարում է», – ասված է փաստաթղթում։
2009 թվականից ի վեր Շվեյցարիան ներկայացնում է ռուսական շահերը Վրաստանում, իսկ վրացական շահերը Ռուսաստանում։ Վարչական, տեխնիկական և հյուպատոսական հարցերը լուծվում են անմիջականորեն նշված երկրների կողմից։ Արտաքին հետաքրքրությունների բաժինները, որոնցում երկրներից յուրաքանչյուրն ունի իր աշխատակազմը, գտնվում են Շվեյցարիայի պաշտպանության ներքո:
Ըստ զեկույցի՝ Շվեյցարիայի իշխանություններն այդուհանդերձ պարզել են, որ պատժամիջոցների կիրառումից հետո Ռուսաստանը գնալով բացասական է արտահայտվում Ժնևի՝ որպես միջազգային քննարկումների համար նախատեսված հարթակի հասցեին։