Ո՞վ է ՀՀ իշխանություններին խորհուրդ տվել գնալ ոչ բլոկային պետության ճանապարհով
Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, ՀՀ իշխանություններն ակտիվ երկխոսության մեջ են արևմտյան կառույցների ու երկրների հետ, ինչպես նաև նպատակահարմար են համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակել Բրյուսելում կամ Վաշինգտոնում, սակայն՝ ոչ Մոսկվայում։
Վերջին օրերին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հերթ չտալով՝ կամ Բրյուսելում են, Լոնդոնում կամ Փարիզում, ավելին՝ հայտարարում են, որ պատրաստ են եռակողմ հանդիպումների Արևմուտքում, սակայն որևէ կերպ չեն արձագանքում ՌԴ ԱԳՆ հայտարարություններին, որ պատրաստ են կազմակերպել եռակողմ հանդիպում։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ Բրյուսելում շաբաթավերջին հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Բրյուսելի առաջարկած ձևաչափով շարունակել բանակցությունները։
«Հայաստանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը Բրյուսելում: Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում, որ Հայաստանը պատրաստ է, և երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմ է պետք համաձայն լինեն, առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է սրան, երբ որ համաձայնություն լինի, ապա այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Նա նշել է նաև, որ հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցությունները։
«Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա»,- նշել է Գրիգորյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ոչ Մոսկվայում, Գրիգորյանը պատասխանել է. «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում և որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել: Ես տեղյակ չեմ Մոսկվայից առաջարկների մասին»:
Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայից գոնե հրապարակային առաջարկներ եղել են թե ՌԴ նախագահ Պուտինի մակարդակով վերջերս Բիշքեկում, թե ՌԴ ԱԳՆ մակարդակով։ Ի դեպ, Ադրբեջանը մերժեց նախորդ ամիս Բրյուսելում ծրագրվող երկու հանդիպումները։ Բրյուսելում և Վաշինգտոնում բանակցելու իշխանության գծին զուգահեռ՝ ակտիվ խոսակցություններ են ընթանում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի շուրջ, և այս փուլում իշխանությունը սկսել է շրջանառել նախ ոչ բլոկային պետություն դառնալու հնարավորությունը։
Նշենք, որ սա իրականում նոր գաղափար է, որը սկսեցին շրջանառել Արևմուտքի հետ ակտիվ երկխոսությունից հետո։
Մեր ունեցած որոշ տեղեկությունների համաձայն, ՀՀ իշխանություններին Արևմուտքից են հորդորել ընթանալ այդ ճանապարհով՝ հաշվի առնելով, թե որքան անհեռանկարային գործընթացի կարող է վերածվել ՀՀ հնարավոր եվրաինտեգրացիոն վեկտորը։
Այդ հեռանկարի վերաբերյալ ԵՄ-ում ևս միասնական դիրքորոշում չկա, կան երկրներ, որոնք կողմ են և Հայաստանի համար նման ապագա են տեսնում, կան երկրներ, որոնք դրա համար նախապայման են համարում ՀՀ-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչպես Գերմանիան, որի ԱԳ նախարարն այդ մասին դիվանագիտական բառապաշարով ուղիղ հայտարարեց, կան նաև ԵՄ երկրներ, որոնք, մեղմ ասած, ոգևորված չեն ՀՀ արտաքին քաղաքական հնարավոր նոր եվրոպական վեկտորից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցային գործընթացում վերջին երկու շաբաթների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, Երևանը ձգտում է դեպի Արևմուտք, իսկ Բաքուն՝ Մոսկվա։ Սակայն, նրա խոսքով, ուշագրավ է այն, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են «ռեգիոնում հնարավորինս շատ Արևմուտք» կարգախոսով, այս դեպքում կարևոր չէ, թե տվյալ երկիրն Ադրբեջանի հետ ինչ կապեր ունի, ինչպիսին, օրինակ՝ Մեծ Բրիտանիան է։
«Այստեղ առանցքայինն այն է, որ Մեծ Բրիտանիան Արևմուտք է, իսկ Ռուսաստանը մերժվում է իր բոլոր նախաձեռնություններով՝ եռակողմ հանդիպում, ՀԱՊԿ նիստ, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հավաք, սակայն միևնույն ժամանակ՝ հայտարարվում է վեկտոր չփոխելու մասին, որին, կարծում եմ, ոչ ոք չի հավատում։ Պարզապես ռեգիոնում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Երևանի աշխարհաքաղաքական ընտրությունից կարող է քիչ բան կախված լինել, քանի որ ավելի կարևոր կարող է լինել Բաքուն։ Չէ՞ որ բանակցություն չի կարող լինել, եթե Ադրբեջանի պաշտոնյաներն Արևմուտք չեն մեկնում, իհարկե, նույնը՝ նաև այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները չեն մեկնում Մոսկվա։ Բայց բանակցությունների շարունակականության և արագության հարցում պետք է շահագրգիռ լինեն իրենք՝ կողմերը, և Արևմուտքը, Ռուսաստանը շարունակում է պահպանել իր ներկայությունը և իրեն դեռ հետաքրքիր է ստատուս-քվոյի պահպանումը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ ԼՂ հարցով առաջարկներին, Տարասովը կարծում է, որ Ռուսաստանում կա տեսլական այդ առումով, որ արցախահայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց հայրենիք, որի համար պետք է ապահովվի անվտանգություն, երաշխիքներ։
«Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Իսկ հստակ առաջարկները հնչում են աշխատանքի դեպքում, երբ այդ աշխատանքը մերժվում է, չկա, ապա առաջարկներ ևս չկան»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ-ն ոչ բլոկային պետություն դարձնելու՝ ՀՀ իշխանությունների ցանկությանը, Տարասովն ասաց, որ սա շատ բարդ կարգավիճակ է Հայաստանի համար, որը ռեգիոնում իր հարևանությամբ ունի ոչ բարյացակամ տրամադրված երկրներ և բավականին ամուր դաշինքներ։
Ըստ նրա, ոչ բլոկային պետությունը չի մտնում մեծ կազմակերպությունների մեջ, սակայն ունի ուժեղ դաշինքներ։
«Հայաստանին ամենամոտ և ամենաարդյունավետ օրինակն Ադրբեջանինն է, որը, լինելով ոչ բլոկային երկիր, ունի մի շարք ուժեղ դաշինքներ։ Դա ավելի բարդ աշխատանք է, քան մտնել մի կազմակերպության կազմ և առնչվել, օրինակ, միայն Բրյուսելի հետ։ Բարդ է նրանով, որ այսօր Ադրբեջանի մի դաշնակիցը Թուրքիան է, մյուսը՝ Իսրայելը, որոնք թշնամական հարաբերություններ ունեն, այս դեպքում շատ բարդանում է նման երկրների քաղաքականությունը, սա լի է մարտահրավերներով։ Սակայն չի բացառվում նաև, որ հայտարարեն ոչ բլոկային պետության մասին, սակայն գնան եվրաինտեգրացիայի, ինչպես հայտարարում են վեկտոր չփոխելու մասին, սակայն այլ քաղաքականություն է իրականացվում»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուսաստանցի մեկ այլ վերլուծաբան՝ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ոչ բլոկային պետության հարցը շրջանառվում է, քանի որ Հայաստանին ԵՄ-ն ռեալ և հուսալի այլընտրանք չի առաջարկում, ինչի մասին, մի քանի տարի է՝ խոսվում է։
Ըստ նրա, Արևմուտքի համար կարևոր է, որ ՀՀ-ն հեռանա ՌԴ-ից, բայց Արևմուտքը՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ընդլայնման պատրաստ չեն։
«Ինչ-որ քայլեր ցույց են տալիս՝ որպես առաջընթաց, սակայն գործնական արդյունք չկա Վրաստանի, Մոլդավայի, ինչո՞ւ ոչ՝ նաև Ուկրաինայի մասով։ Սա նորություն չէ, ես մշտապես ասել եմ Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ-ի հեռադիր դիրքավորման մասին, այստեղ ռեալ ուժեր են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, նրա խոսքով, այսկերպ բանակցությունները կարող են երկարաձգվել, երկար դիվանագիտական մանևրներ կարող են լինել գործընթացի շուրջ։