Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ապագան կարող են կառուցել Ռուսաստան–Իրան առանցքից դուրս. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարի հրամանով մենք մշակում ենք խոր, համապարփակ եւ թափանցիկ զեկույց, թե ինչ է պատահել Լեռնային Ղարաբաղում ոչ միայն այս օրերին, այլեւ նախորդող ամիսներին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։
«Մենք մեր սեփական հետաքննողներից բացի նաեւ ներգրավել ենք այդ դաշտում աշխատող անկախ հետաքննողների, օգտվում ենք նաեւ միջազգային ՀԿ-ների տեղեկություններից։ Եվ այդ զեկույցն ավարտելուց հետո ամբողջությամբ ձեզ համար կհրապարակենք եզրակացությունները, թեեւ ժամկետները չեմ կարող ասել։ Մեր աշխատանքի հաջորդ ուղղությունը Հայաստանին օգնությունն է։
«Ես վերջին մի քանի տարիներին աշխատել եմ Հայաստանի կառավարության հետ եւ խիստ տպավորած եմ այն ջանքերից, որ Հայաստանի կառավարությունը ներդնում է բարեփոխումների եւ իր հարաբերությունները քաղաքական, տնտեսական, անվտանգային, էներգետիկ ոլորտներում՝ հատկապես Անդրատլանտիկ ուղղությամբ դիվերսիֆիկացնելու համար։ Ուստի մենք, պարտավոր ենք օգնել հայ ժողովրդին հաղթահարելու այս դժվարին իրավիճակը, որպեսզի այն որոշումները, որ նրանք խիզախաբար կայացրել են, կարողանան օգնել նրանց կառուցելու ավելի ապահով եւ բարգավաճ ապագա։
Երրորդ ուղղությունն այն է, որ մենք հետամուտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հաջորդ մի քանի շաբաթները վճռական են լինելու՝ թեստ կողմերի համար՝ արդյոք նրանք կկարողանան լավ մտադրություններից անցում անելու «այո» ասելուն։
Սեպտեմբերից սկսած Երեւան եւ Բաքու 13 բարձր մակարդակի այցելություն է եղել ԱՄՆ-ից։ Մենք նաեւ աշխատում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Մենք ասել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ոչ մի բան նորմալ չի լինի, քանի դեռ իրական առաջընթաց չենք տեսել խաղաղության գործընթացում։
Մենք չեղարկել ենք մի շարք բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները։ Եվ մենք չենք նախատեսում 907 բանաձեւի շրջանցում նախաձեռնել, քանի դեր իրավիճակի իրական բարելավում չենք տեսել։ Այս ամենն ուղղված է խաղաղության խթանմանը։ Ինչո՞ւ է հիմա կարեւոր խաղաղությունը։ Առաջին հերթին տնտեսական առումով։
Կենտրոնական Ասիան նոր երթուղիներ է փնտրում իր ապրանքների համար։
Այդ ուղիները կարող են անցնել նաեւ հարավով՝ Հայաստանով։ Մենք ասել ենք, որ ուժի կիրառումն ընդունելի չէ, տարանցիկ միջանցքը, որը կկառուցվի Հայաստանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, կարող է հսկայական տնտեսական բում առաջացնել տարածաշրջանի երկրների համար, նաեւ համաշխարհային շուկաներում, որոնք հասանելիություն կունենան այնտեղով տեղափոխվող ապրանքներին։
Իսկ եթե միջանցքը բացվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, ապա շատ ուժեղ հակազդեցություն կլինի եւ այն հաջողության չի հասնի։
Հաջորդը Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրության հարցն է, թե ապագայում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են ուզում ունենալ, արդյո՞ք ուզում են ապագան կառուցել Ռուսաստանի եւ Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ։ Կարծում եմ, որ դա անկայուն է եւ անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համար։
Նրանք հիմա այլ ընտրություն անելու հնարավորություն ունեն, եւ հիմա մենք նրանց համար պարզաբանում ենք դա, եւ կանխատեսում եմ, որ առաջիկա շաբաթներին մի քանի բարձրաստիճան շփումներ կունենանք այս թեմայով»,- ասաց Ջեյմս Օ Բրայենը։