ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի և անդրատլանտյան դաշնակիցների մերձեցման սխեմա են մշակում․ Ջեյմս Օ’Բրայեն
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը մերձենա անդրատլանտյան դաշնակիցների հետ, և սխեմա են մշակում դրա ապահովման համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկած լսումներում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն:
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեր և Հայաստանի միջև՝ Երևանը մեր համայնքին մերձեցնելու նպատակով։ Այս մասին մի քանի օր առաջ խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկում ենք, թե դա ինչ տեսք կարող է ունենալ», – հայտարարել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առևտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, չափազանց կարևոր է, իսկ ԱՄՆ-ն կարող է օգնել այդ հարցում։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան նաև աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման հավելյալ միջոցների վրա։
«Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները: Ես չեմ պատրաստվում պատժամիջոցների վերաբերյալ որոշումների մասին կանխատեսումներ անել, բայց դա, իհարկե, մեր զենքերից մեկն է», – ընդգծել է նա: