Դատարանը մերժել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «168 ԺԱՄ»-ի

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Երեմ Եսոյանի, 10.11.2023 թվականին կայացված վճռով, գործի նոր քննության արդյունքում, մերժել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նշված դատական գործը կարևորում եմ նրանով, որ տևական ժամանակ է, ինչ դատական ատյաններում քննարկման առարկա է դարձվում մեկամսյա ժամկետի հաշվարկման հարցը, որը տարբեր ձևով է մեկնաբանվում և կիրառվում տարբեր դատարանների կողմից: Տվյալ դեպքում, թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով կայացված դատական ակտը հստակ ձևով արձանագրում է, թե ի վերջո ինչպես պետք է հաշվարկվել մեկամսյա ժամկետը, այսպես, նշված քաղաքացիական գործով Դատարանն արձանագրել է, որ.

…«հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի վերջին օրը կամ, այլ կերպ ասած, «ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին» կանոնում պարունակվող «համապատասխան» բառը վերաբերում է ժամկետի սկիզբը որոշող օրվա ամսաթվին, երբ մեկնարկում է ժամկետի ընթացքը: Ավելին, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշված է հետևյալ իրադարձությամբ` «անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին», և այդ ժամկետի ընթացքը սկսվում է նշված իրադարձությունը վրա հասնելու ամսաթիվը կրող օրվա հաջորդ օրվանից ու լրանում է հաջորդ ամսվա համապատասխան ամսաթիվը կրող օրը, ընդ որում, համապատասխան ամսաթիվ է հանդիսանում ոչ թե ժամկետի ընթացքն սկսվելու օրվա ամսաթիվը, այլ ժամկետի սկիզբը որոշող իրադարձությունը վրա հասնելու օրվա ամսաթիվը:

«Համապատասխան» բառը ժամկետի ընթացքն սկսվելու օրվա ամսաթվին վերաբերելի համարելու և այդ ամսաթիվը որպես «ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթիվ»` ժամկետը լրանալու օրվա ամսաթիվ, դիտարկելու դեպքում այդ ամսաթիվը ժամկետի հաշվարկում կներառվի երկու անգամ, և սահմանված «մեկ ամսվա ընթացքում» ժամկետը կամայականորեն կփոխարինվի մեկ ամիսը գերազանցող ժամկետով, որպիսին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքով սահմանված չէ:

Հետևաբար, սույն գործով հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի սկիզբ պետք է համարել 12.04.2021 թվականը, ուստի վերը շարադրված մեկնաբանությամբ այդ ժամկետի վերջին օր պետք է համարվի 12.05.2021 թվականը (այդ օրը ոչ աշխատանքային` տոնական կամ հանգստյան, օր չի եղել), իսկ արդեն 13.05.2021 թվականին … ներկայացված հայցադիմումը պետք է համարել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված»:

Հ.Գ. Հուսանք, որ ժամկետների հաշվարկման նման իրավական մեկնաբանությունը, որն ի դեպ համահունչ է նաև տարբեր երկրներում գործող իրավական մեկնաբանություններին, կգործի նաև մեր իրավական համակարգում, որպես վերջնական դիրքորոշում:

Տեսանյութեր

Լրահոս