Դատարանի կողմից արդարացված Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 մլն դրամ գրավը. Sputnik Արմենիա

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 միլիոն դրամ գրավը, որը վճարվել էր որպես խափանման միջոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 30–ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, այնուհետև 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։

Այնուհետև հոկտեմբերի 27–ին Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

«Ըստ ընթացակարգի, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվում է, և նա արդարացվում է, խափանման միջոցը վերանում է։ Այս դեպքում խափանման միջոց էր ընտրվել 100 մլն դրամ գրավը, որը հետ է վերադարձվել»,- ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Նշենք, որ դատախազությունը 2023 թ. մայիսի 16–ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թ. դեկտեմբերի 3–ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Ի դեպ, «Սոխոսենթր» ՍՊԸ–ն այդ տարածքում դեռ 2016 թվականից ցանկանում էր կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր։

Տեսանյութեր

Լրահոս