ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելը
Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի՝ որպես Հայաստանում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում:
«Հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները:
Նշվում է, որ ներկաներն ընդգծել են աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը: