«Ալիևը լրիվ գժվել է, է՜ն սարերով-ձորերով ուզում է, հո իր ուզելով չէ՞…». Տիգրանաշենի բնակիչ

Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ այդ երկրի իշխանությունները հերթական անգամ հայտարարել էին, թե Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել «8 ադրբեջանական գյուղ» որոնք, իբրև, դեռ «օկուպացված են»:

Հենց նույն օրը՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել էր Ադրբեջանի հրապարակած պահանջին՝ պատասխանելով լրագրողի հարցին.

«Բնակավայրերի հետ կապված իրավական խնդիրները կլուծվեն սահմանազատման գործընթացում, մենք Տավուշի 4 գյուղերի հետ կապված խնդիր չենք տեսնում»,- ընդգծել էր նա:

Այդուհանդերձ, Կոստանյանը խուսափել էր հստակ պատասխանել լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն 8 գյուղերի հանձնումը նախապայման է դարձրել՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու հարցում: Հայտարարել էր, որ այդ գործընթացում իրենց համար անկյունաքարային հարցերից է «ապաշրջափակման գործընթացի 4 սկզբունքների արձանագրումն ու վեճերի կարգավորման մեխանիզմի մշակումը»:

Կարդացեք նաև

«Կա ընկալում, որ խնդիրները, որոնք կապված են դելիմիտացիայի հետ, պետք է քննարկվեն դելիմիտացիայի հանձնաժողովում»,- հակիրճ հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Այդ 8 գյուղերից մեկի՝ Տիգրանաշենի բնակիչ Շահեն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց իր բնակավայրն Ադրբեջանին հանձնելու որևէ սցենար: Ասաց, որ Տիգրանաշենը ո՛չ եղել է, ո՛չ էլ լինելու է ադրբեջանական տարածք:

«Էս գյուղը մերն է, իրենց հետ էլ չենք պատրաստվում ապրել: Իսկ որ ասում են, թե ապրել են այս գյուղում՝ ժամանակին բարի կամք են դրսևորել, ժամանակավոր մի հատ փոքր տարածք են տվել: Դրանք որ եկել ու Զանգակատան տարածքում չոբանություն են արել, էդ մի փոքր հողակտորը տվել էին դրանց, որ էդտեղ մնան ու չգնան նորից հասնեն հետ Նախիջևան: Էդքանից հետո, իրենց թևերը տարածել են, իրենց սովորության համաձայն, էդ ամեն ինչն իրենց են վերագրել: Ախր չեք պատկերացնում՝ ինչ տարածք են ուզում: Ես որ նայում եմ քարտեզին, չէ՞, հասկանում եմ, որ էդ Ալիևը լրիվ գժվել է: է՜ն սարերով- ձորերով ուզում է: Հո իր ուզելով չէ՞…»,- վրդովված ասաց մեր հայրենակիցը:

Տիգրանաշենի բնակիչը վստահ է, որ գյուղը թշնամուն հանձնելու դեպքում նրանք այդքանով չեն բավարարվելու: Կսկսեն պահանջել նաև դեպի այդ բնակավայրեր տանող «միջանցքներ», կգրավեն Հայաստանի տարածքի մեծ մասը, կսկսվի Հայաստանի շրջափակման գործընթացը:

«Մանավանդ, որ սահման էլ չունեն այստեղ գնալ-գալու: Ո՞նց են գալու այստեղ: Ի՞նչ, Երասխավանո՞վ, Սևակավանով մտնեն Տիգրանաշե՞ն: Սևակավանը կվերանա, Երասխավանը կվերանա: Չէի՞ք տեսնում, թե ոնց էին կրակում Երասխի ուղղությամբ: Բա պատկերացրեք, որ ելքումուտքի հնարավորություն ունենան: Որ եկավ-նստեց Տիգրանաշենում՝ կարո՞ղ է դատարկ ձեռքով գա: Ինչ ասես կբերի-կլցնի, ինչ ուզի՝ կանի:

Բա ճանապա՞րհը ոնց է աշխատելու: Ո՞նց եք պատկերացնում: Այդ ճանապարհով ո՞նց ենք գնալու-գանք: Չտեսա՞ք՝ Բերձորի միջանցքի հետ ինչ եղավ: Դրեց, չորով փակեց, ասեց՝ չեմ թողնում, ու վերջ: Ո՞վ կարողացավ որևէ բան անել դրա դեմ: Ոչ ոք: Սյունիքն էլ նույն ձևով կկտրեն, հասկանո՞ւմ եք»,- վրդովված ասաց Տիգրանաշենի բնակիչը:

Մեր զրուցակցի խոսքով՝ որքան էլ հայկական կողմը քննարկի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցը՝ այդ երկրի իշխանությունները չեն պատրաստվում նույնն անել Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու առումով:

«Հիմա ո՞ր մի թուրքը կհամաձայնի, կասի՝ լավ, սպասիր դուրս գամ, թող հայը գա ապրի այստեղ: Ո՞նց եք պատկերացնում այդպիսի բան»,- համոզմունք հայտնեց Շահեն Կարապետյանը:

Նա վստահեցրեց, որ Տիգրանաշենը թուրքին չհանձնելու համար իրենց գյուղի ամբողջ բնակչությունն է պատրաստ ոտքի կանգնել:

«Անձամբ ես իմ տղաների հետ պատրաստ ենք կանգնել զինվորների կողքին ու պաշտպանել գյուղը: Մենք գյուղ չունենք տալու դրանց: Մեր ուսուցչուհիներից մեկն էլ վերջերս խոսում էր՝ ասաց՝ ես էլ եմ գնալու զինվորիս կողքին կանգնեմ… բա պետք է պահենք: Էդքա՜ն տվեցինք, գնաց-կորավ… ափսոս… գոնե տեսած չլինեի… էս ի՞նչ եղավ մեր երկրի հետ…»,- ցավով արձանագրեց Տիգրանաշենի բնակիչը՝ անընդունելի համարելով հայ երեխաներին, կանանց ու ծերերին ցեղասպանող ազգի հետ «խաղաղության» հույսեր փայփայելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության հետնորդ: Իսկ այսպես կոչված՝ «անկլավներն» այդ երկրին տրվել են ԽՍՀՄ օրոք: Խոսքն այս դեպքում վերաբերում է նաև Տիգրանաշենին: Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի օգոստոսի 8-ին գրոհով վերցրել էին  Ադրբեջանի տարածքում կղզյակի վերածված՝ Հայաստանին պատկանող գյուղը: Մինչև գրավումն Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս