ԼՂ-ից բռնի տեղահանվածների տրանսպորտային միջոցների համար ապահովագրավճարները կգործեն 50 տոկոս զեղչով. Ոստիկանություն
Նկատի առնելով ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը ՀՀ տարածք, խնդիրը օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը և ստեղծված սոցիալական իրավիճակում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը, ՀՀ ՆԳՆ-ի, Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում կայացվել է որոշում, որը կօգնի առավելագույնս կանոնակարգել իրավիճակը:
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Ըստ հայտարարության՝ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին։
Վերոհիշյալ լրացումներով, մասնավորապես, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած Ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.
1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Լեռնային Ղարաբաղում,
2) մինչև 2020 թվականի արտադրության է,
3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ
«Հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ նշված չափորոշիչների շրջանակում և նախատեսված ժամկետներում ապահովել ավտոտրանսպորտային հաշվառումն ու ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պարեկային ծառայողները ևս իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն մեր հայրենակիցներին երթևեկության մեջ գտնվելու ընթացքում, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում առցանց եղանակով կնքելու ԱՊՊԱ պայմանագիր»,- ասված է հայտարարության մեջ: