Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց. Մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետի գործով դատաքննությունը

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը:

Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի (ԱԺ) մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ունեցած ելույթը:

«Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»,- հենց այս հատվածն է Քննչական կոմիտեն ելույթից 7 ամիս անց համարել խնդրահարույց:

Ինքը՝ Հրանտ Բագրատյանը, այս վարույթը համարում է ֆարս, շինծու քրեական վարույթ:

Կարդացեք նաև

Դատական նիստը սկսվեց Հրանտ Բագրատյանի անձի նույնականացմամբ, որից հետո դատավարության կողմերն ասացին՝ դատավորին բացարկի միջնորդություն չունեն հայտնելու: Պաշտպանության կողմը, սակայն, ներկայացրեց քրեական վարույթը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը ներկայացրեց Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը: Միջնորդության հիմքում դրված էր այն, որ օպերլիազորի ներկայացրած աղբյուրը չի համարվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում:

Դատախազը մի քանի րոպե ժամանակ խնդրեց պաշտպանության կողմի միջնորդության տեքստին ծանոթանալու համար: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, ինչից հետո դատախազը խնդրեց մերժել պաշտպանության կողմի միջնորդությունը:

Քննության ենթակա հաջորդը հարցը Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված «բացակայելու արգելք» խափանման միջոցին էր վերաբերում: Միջնորդություն ներկայացվեց վերացնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Ինքը՝ Հրանտ Բագրատյանը, ասաց՝ վիրավորական է համարում առհասարակ խափանման միջոցի ընտրությունն իր վերաբերյալ: Դատարանը վերացրեց Հրանտ Բագրատյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցը:

Հրանտ Բագրատյանը նաև հայտնեց, որ պատրաստ է ցուցմունք տալ:

Հաջորդիվ պաշտպանության կողմը միջնորդեց անթույլատրելի ճանաչել մեղադրանքի հիմքում դրված լազերային սկավառակը՝ որպես ապացույց: Այդ սկավառակի մեջ հենց 168.am-ի այն հղումն էր, որն էլ դրվել է մեղադրանքի հիմքում: Գործի քննությունը հետաձգվեց, քանի որ դատարանին ժամանակ էր հարկավոր նշված միջնորդությանն առնչվող էական հանգամանքներին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս