Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։
Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
«Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», – աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։
Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։