Ինչո՞ւ է Հայաստան այցելում Նասիմ Թալեբը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստան է այցելելու գիտնական, ակնարկագիր, մաթեմատիկոս, թրեյդեր փիլիսոփա, հասարակական գործիչ Նասիմ Թալեբը, որի գրքերը ծանոթ են նաև հայ հանրությանը: Նրա գրչին են պատկանում մասնավորաբար այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Սև կարապը» և «Հակափխրունությունը», «Պրոկրուստյան մահիճը» և այլն:
«Փաստին» հայտնի դարձավ, որ նա Հայաստան է գալու «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով՝ որպես պատվավոր հյուր, և հանդես կգա բանախոսությամբ՝ ներկայացնելով ռիսկերի, պատահականությունների, անորոշության և հաջողության ռազմավարությունների մասին իր գիտելիքներն ու պատկերացումները։ Համաժողովը, որն այս տարի կկայանա դեկտեմբերի 1-ին և 2-ին, կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նման համաժողով կազմակերպելով՝ խնդիր է դրվել համապատասխան հարթակ ստեղծել գիտնականների և գործարարների համար՝ կիսվելու գիտելիքներով, մտքերով, քննարկելու առկա մարտահրավերներն ու հնարավորությունները:
Հայաստանում նորարարությունների ներդրումային աջակցությանը խթանելու համաժողովի ընթացքում կազմակերպվելու են նաև հայկական ստարտափների ներկայացման երեկոներ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրերի իրականացմանը»: