Փաշինյանը մուրում է խաղաղություն. նա գնում է պարտադրված խաղաղության, որը երկարաժամկետ լինել չի՛ կարող. Սեյրան Օհանյան
2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախը Հայաստան է, և վերջ բղաված մարդը տեսնես այսօր ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ այդ նույն հրապարակում այսօր զորահանդես է անցկացնում Ալիևը, որը, ի տարբերություն մեր հաղթական զորահանդեսի, վրեժխնդրության, մանրախնդրության զորահանդես էր՝ հետևանքը Արցախի ժողովրդի նկատմամբ Ալիևի իրականացրած ցեղասպան քաղաքականության։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ շեշտելով.
«Ալիևն իր սեպտեմբերյան ցեղասպան քաղաքականությամբ փաստեց, որ Արցախի էջը փակված չէ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանր, ապա, պատվախնդրություն ունեցող ղեկավարն այս զորահանդեսից հետո նվազագույնը պետք է հեռանար»։
Սեյրան Օհանյանը համարում է, որ Արցախի ճակատագրին տեր կանգնելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը դա համարում է Հայաստանի դեմ պատերազմի նախադրյալ ու ազգային անվտանգության սպառնալիք։
«Ուզեն թե չուզեն, Հայաստանի իշխանությունն իր այս թուլամորթ կեցվածքի դիմաց աշխարհից արժանի և համապատասխան արձագանք է ստանալու։ Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են։ Մեր ժողովրդի համար պարզ լեզվով բացատրեմ՝ ինչ է առաջարկում այս իշխանությունը, ստացվում է՝ եղբորդ ընտանիքը ոչնչացրել են, դու գնում ես ոչնչացնողի հետ խաղաղության ձեռք սեղմելու»,- ասաց գեներալ գնդապետը՝ ընդգծելով՝ չի՛ կարող խոսք գնալ խաղաղության մասին՝ հաշվի առնելով թշնամու՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած հակահայկական և Հայաստանի ոչնչացմանը միտված քաղաքականությունը։
«Նրանք շարունակում են ճնշումները Հայաստանի վրա։ Լավ ճանաչելով թուրք-ադրբեջանական տանդեմը՝ գիտեմ, որ նրանք այդ ճնշումը շարունակելու են Հայաստանի վրա խաղաղության պայմանագիր ասվածը ստորագրելուց հետո անգամ, ինչո՞ւ, որովհետև խաղաղություն չեն մուրում։ Ադրբեջանը Հայաստանի տարածքում է գտնվում, ամբողջությամբ հայաթափել է Արցախը, հետևաբար, ինչպե՞ս կարելի է գնալ այդ պետությունից խաղաղություն մուրալ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը գնում է պարտադրված խաղաղության, որը երկարաժամկետ չի կարող լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է պետության համար խաղաղություն ապահովող թիվ մեկ երաշխավորին՝ հայոց բանակին, ապա, ըստ Սեյրան Օհանյանի, Փաշինյանը ջարդել է բանակի ողնաշարը՝ կանոնավոր բանակն իջեցնելով և հասցնելով ֆիդայական ջոկատների մակարդակի։
«Նախ, խոսում են նախկինում պիպետկայով զենք կաթեցնելու մասին. սա է իրենց խոսույթը։ Այս դեպքում պետք է ասեմ, որ իրենք էլ պիպետկա են գնել՝ առանց կաթիլների՝ ռազմական տեխնիկա են գնել՝ առանց սպառազինության»,– ասաց Օհանյանը։
Խոսելով Հնդկաստանի հետ կնքված զենքի մատակարարման պայմանագրերի մասին, Սեյրան Օհանյանը, դրական գնահատելով այս գործընթացը, միևնույն ժամանակ բարձրաձայնեց մի շարք խնդիրներ։
«Սպառազինության գնման համար այլընտրանքային ճանապարհներ գտնելը լավ է, ես դրան դեմ չեմ, բայց այլ բան է, թե ինչպես է այդ այլընտրանքային սպառազինությունը համադրվելու այն սպառազինության հետ, որն առկա է մեր երկրում։ Մյուս կողմից, աններելի է, որ այս իշխանությունը վատթարացրել է իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններն այս աստիճան։ Խնդիրն այն է, որ բանակ ասվածը միայն սպառազինությունը չէ, առաջինը մարդկային ռեսուրսի հետ կատարվող աշխատանքն է կարևոր։ Ամենավատն այն է, որ բանակի ողնաշարն այս իշխանությունը կոտրել է»,- ասաց գեներալ-գնդապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։