Մարուքյանը մի օր Փաշինյանին անվանում է «դավաճան ու կապիտուլյանտ», հաջորդ օրը պաշտոն է վերցնում այդ «դավաճանից». Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրեր առաջ Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում Արցախի ցանկացած ինստիտուտ պահելն ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ: Նա արձանագրեց, թե անցած բոլոր տարիներին որքան փոփոխական քաղաքականություն է վարել Մարուքյանը:
«Ինքը 2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին անվանում էր և՛ դավաճան, և՛ կապիտուլյանտ: Պաշտոն ստանալուց հետո արդեն նա մոռացել է, որ այդ պաշտոնը ստացել է «դավաճանից, կապիտուլյանտից»:
Մարուքյանի հարցազրույցներում շատ եմ ականատես եղել նրան, որ ինչ-որ մի կոնկրետ գործընթացի մասին խոսելով՝ ինքը հակասում է ՀՀ իշխանություններին: Արցախի թեմայով… ասում է՝ դե, «Արցախը հայկական էր», այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն ասում էին՝ ադրբեջանական է: Շատ հեշտ է պաշտոն ստանալ ինչ-որ քաղաքական ուժից ու ասել՝ դե, ես ուղղակի աշխատում էի ինձ համար: Սա հասկանալի չէ ինձ համար»,- ասաց Դերզյանը:
Նա հայտարարեց, որ իր համար հարցականներ կան նաև Արցախի վերաբերյալ հարցերում:
«Ո՞նց է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի «թելը թելողները», Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին քննադատողները կարողանում են (Արցախից.- Ն. Ս.) հանգիստ վերադառնալ Հայաստան, ու մի հատ էլ գլուխ են գովում, թե երբ ուզեն՝ կարող են գնալ-գալ: Նույն Սամվել Բաբայանը: Իսկ ո՞նց է ստացվում, որ այն նախագահները, ռազմական գործիչները, ովքեր պաշտոններ են զբաղեցրել մինչև 2018 թվականը, կամ դրանից հետո ոչ ականջահաճո են եղել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին՝ հանկարծ հայտնվում են Բաքվի բերդերում: Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի դեպքում հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանի թիմը քննադատում իրեն, ու ինչպես էր քննադատում Ալիևի իշխանական ապարատը»,- նկատեց ՀՀԿ խորհրդի անդամը:
Այս պարագայում, ըստ Դերզյանի, հարցականների ամբողջական փաթեթ կա՝ ինչպես սեպտեմբերյան վերջին իրադարձությունների, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Նա համոզմունք հայտնեց, որ այս պարագայում գործում է շահերի բախման ֆոնին մեղքը միմյանց վրա գցելու և իր թեզն առաջ տանելու մոտեցումը: Ըստ նրա՝ նույն իրավիճակն առկա է եղել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախի Հանրապետությունում:
«Այսինքն, նույն Սամվել Բաբայանն իր հայտարարության մեջ նշում է, որ ինքը բանակցել է Ադրբեջանի հետ: Այսինքն, ո՞նց եք պատկերացնում մի պետություն, որտեղ որևիցե այլ պետության հետ բանակցի իշխանության կողմից որևէ պաշտոն չունեցող անձնավորություն: Ի՞նչ իրավունքով, ո՞ւմ մանդատով է տեղի ունեցել դա»,- ասաց Դերզյանը՝ արձանագրելով, որ առկա այս խառնաշփոթից տուժողը միայն հասարակ ժողովուրդն է եղել՝ զրկվելով իր հայրենիքից ու տնից:
Նազելի Ստեփանյան