«Ճի՞շտ հասկացանք, որ այս եզրակացությունը ոչ թե մասնագետի, այլ ազգությամբ հայի գնահատական է». Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Գրիգորյանի գործով փորձագետին
Այսօր Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր նախորդ տարվա մայիսի 17-ին, իսկ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ, դատապաշտպանի ելույթի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նա ուշագնաց էր եղել, չէր հաջողվել նրա կյանքը փրկել, և նա մահացել էր։ Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվում էր մեղադրանքի կողմի փորձագետը:
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ինքը փորձագետին հարցրել է՝ քննիչի կողմից հանձնարարություններ, մեկնաբանություններ, պարզաբանումներ եղե՞լ են փորձաքննության հետ կապված, ինչին նա պատասխանել է՝ հարցադրումներ են եղել:
««Իսկ փորձաքննության եզրակացությունը կազմվել է քննիչի՞ աշխատասենյակում». այս հարցին էլ պատասխանելով՝ փորձագետն ասաց՝ քննիչից վերցրել է ձայնագրության տեքստը, տարել տուն՝ ուսումնասիրելու, ձայնագրությունն իրեն չեն տվել, և հետազոտության պահին իր ձեռքի տակ ձայնագրություն չի եղել»,- ասաց Արմեն Գրիգորյանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ դատարանում հետազոտվել են նաև Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ տեսագրության որոշ դրվագներ: Դատարանում հետազոտված տեսագրության դրվագները վերաբերում էին «ազգային թշնամանքի» մասով առաջադրված մեղադրանքին: Այսինքն՝ այն հատվածը, որտեղ Գրիգորյանը խոսում էր Շիրակի, Արարատյան դաշտավայրի, Տավուշի բնակիչների, սյունեցիների մասին ու կարծիքներ հայտնում:
«Հարցրել եմ՝ ո՞ր խոսքերի վրա եք հիմնվում, երբ հետևություն եք անում, որ ազգային թշնամանք կա, եզրակացության մեջ գրել եք նաև, որ Արմեն Գրիգորյանի խոսքում կան բացասական գնահատականներ, վիրավորական մտքեր, դա հասկանալի է, իսկ ազգային թշնամա՞նքը որն է»,- ասաց Արմեն Գրիգորյանի ներկայացուցիչը:
Փորձագետը, Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, պատասխանել է՝ «Երբ ասում է՝ Արարատյան դաշտավայրի և Շիրակի ժողովուրդը թուրքի բիճ են, իսկ Տավուշի ու լեռնային հատվածի ժողովուրդը հայրենասերներ են, այդ երկու հակադրությունը երկու հատվածի միջև թշնամանքի գաղափար է բերում, եթե մի մասը հերոս է, մի մասը բիճ է, նրանց միջև չի կարող լինել ներդաշնակ հարաբերություն, թշնամանքի սերմ է տարածվում»:
«Ազգային թշնամանքը ի՞նչ իմաստով եք օգտագործում, ինչպե՞ս եք հասկանում «ազգային թշնամանք» արտահայտությունը, Արարատը, Սյունիքը, Տավուշը տարբեր ազգե՞ր են»,- նիստի ընթացքից տեղեկություններ հայտնեց Ռուբեն Մելիքյանը:
Փորձագետը հարցին հարցով է պատասխանել՝ բա ի՞նչ գրեի այդ դեպքում՝ տարածաշրջանայի՞ն թշնամանք:
«Ասացի՝ փորձագետը դուք եք: Բացի դրանից, ճի՞շտ եմ հասկանում, որ «ազգային թշնամանք» ձևակերպումը Ձեր ընկալումն է, ոչ թե հիմնված է բառարանային ձևակերպումների վրա, ինչին ի պատասխան՝ փորձագետը դրական պատասխան տվեց: Փորձագետն իր եզրակացության մեջ արձանագրել էր նաև, որ Գրիգորյանի նշած «թուրք» բառը հայ ժողովրդի մեջ նույնականացվում է ցեղասպան, թշնամի, վայրագ բառերի հետ: Խնդրեցի ցույց տալ, թե այդ ո՞ր գրականության, բառարանի մեջ է այդպես նշվում, ինչին փորձագետը պատասխանեց, թե ՀՀ քաղաքացիներից ում էլ հարցնեն՝ ինչ է թուրք, կպատասխանեն՝ վայրագ, թշնամի, ցեղասպան»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը թեմայի վերաբերյալ որոշակի երկխոսությունից հետո հետևյալ հարցն է տվել փորձագետին՝ ճի՞շտ հասկացանք, որ այս եզրակացությունը ոչ թե մասնագետի, այլ ազգությամբ հայի գնահատական է, ինչին վերջինս պատասխանել է՝ այո:
«Դատարանում ես «թուրք» բառի բառարանային բացատրությունը տվեցի, ասացի, որ թուրքը ունի «հայատյաց հայ», «հայ, որն ատում է իր ցեղակիցներին» իմաստը, ու հարցրեցի՝ ինչո՞ւ եք դուք կարծել, որ հենց ձեր ընկալմամբ «ցեղասպան» բառն է նկատի ունեցել Արմեն Գրիգորյանը, ինչին ի պատասխան՝ փորձագետը կրկին կրկնեց իր ընկալումները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը: