Բանակը ուզում են դարձնել աղքատների, խեղճերի և դժբախտների տեղ. «Հրապարակ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «բանակից թռնելու» կամ խուսափելու օրենսդրական նոր նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ։ Ըստ այդ նախագծի, ով պետական բյուջե վճարի 15 մլն դրամ, կազատվի պարտադիր զինծառայությունից: Հայկ Սարգսյանն իր նախագծում զինգրքույկի «վաճառքի ճկուն համակարգ» է սահմանել` պարտադիր զինվորական ծառայության 2 տարին ամիսների բաժանելով ու սակագներ սահմանելով։ Այսպիսով․ ով չունի 15 միլիոն, բայց ունի 10 միլիոն, կարող է վճարել եւ ծառայել 1 ամիս, 5 միլիոն դրամ ունեցողները կարող են ծառայել 6 ամիս, 2 միլիոն դրամ ունեցողները կծառայեն 1 տարի, իսկ դրանից պակաս ունեցողները կամ ընդհանրապես չունեցողները՝ 2 տարի։

Այս նախագիծը նոր չէ, «պարզապես լվացել են Պերվոլով»` թարմացրել եւ նորից ներկայացրել: Նմանատիպ նախագիծ մոտ մեկ տարի առաջ ՊՆ-ն էր առաջարկել՝ բանակից ազատվելու դիմաց սահմանելով 24 միլիոն դրամ վճար, որի պարագայում ընդամենը պետք էր ծառայել 4.5 ամիս, սակայն այդ նախագիծը հանրային քննարկման փուլում չեղարկվեց, քանի որ հանրային մեծ աղմուկ բարձրացավ։ Փաստորեն Հայկ Սարգսյանը «ժողովրդի դրության մեջ է մտել» ու նշաձողն իջեցրել՝ աննախադեպ զեղչեր կիրառելով։

Որքանո՞վ է իրավական Հայկ Սարգսյանի բերած նախագիծը, եւ որքանո՞վ է ընդունելի սոցիալական արդարության տեսանկյունից։ Մեզ հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը, պատասխանելով այս հարցերին, նշեց, որ փաստորեն բանակը դառնում է չունեւորների տեղ․ «Ես միանշանակ այո կամ ոչ պատասխան տալ չեմ կարող, ինչքան էլ որ ինձ համար զզվելի է Շիշ Բռնողի անձը եւ սրանց իշխանությունը։ Նման իրավիճակ կա Վրաստանում, որի հետեւանքով իրենք մեզնից շատ բնակչություն ունեն, բայց բանակը 10 հազար մարդ է։ Այսինքն՝ պատերազմող երկրի համար դա թույլատրելի չէ: Եթե առհասարակ շարժվում ենք «ազգ- բանակ» կամ «հայրենիքը բոլորինն է» սկզբունքներով, իհարկե, չի կարելի նման բան անել։ Մյուս կողմից ունենք այն, ինչ ունենք․ բազմաթիվ մարդիկ, կաշառքներով, տարբեր ճանապարհներով ազատվում են բանակից, դա փաստ է, չենք կարող հերքել։ Հիմա դա բերել օրինական դա՞շտ, արդյոք դա արդարացնո՞ւմ է Ձեր ասած խտրականությունը եւ պաշտպանությանը բոլորի չմասնակցելը․ իմ կարծիքով՝ ոչ։ Դա կաշառքի օրինականացում է, եւ կստացվի, որ բանակը դառնում է աղքատների, խեղճերի ու դժբախտների տեղ։ Դա, բնականաբար, բանակին ոչ մի օգուտ չի բերի։ Միակ դրական բանն այն է, որ կոռուպցիան է նվազում, բայց մյուս բոլոր հարցերը․․․, Գիտեք՝ դա վիրավորական է, որովհետեւ ստացվում է, որ մարդիկ, որոնք փող չունեն, ուրեմն իրենց երեխան պիտի գնա իր կյանքը ռիսկի տակ դնի, իսկ ինչ-որ մի կոռուպցիոների, ինչ-որ մի սրիկայի, օլիգարխի, կամ թեկուզ որեւէ լավ մարդու որդին` փողի դիմաց, ապրի հանգիստ եւ հանդարտ, իսկ «հարիֆը» կգնա նրան պաշտպանելու։ Այդպես չի կարելի։ Եթե մենք լինեինք, օրինակ, Կոստա Ռիկայի նման երկիր, որը չունի ոչ մի արտաքին վտանգ, չունի պատմություն, որը հուշում է, որ նման բան չի կարելի անել, գուցե Ձեզ մոտ հարցեր չէին առաջանա, բայց Հայաստանի նման երկրում դա պարզապես անթույլատրելի է»,- ասաց Աթանեսյանը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ դա բանակը կազմաքանդելու հերթական ձեւն է, ինչպես դա եղել է պետական այլ մարմինների պարագայում․ «Հայաստանի օրվա իշխանությունները ցանկանո՞ւմ են խաղաղության պայմանագիր կնքել, այսինքն՝ եթե ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել, նշանակում է, որ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ։ Հիմա պատերազմի մեջ գտնվող երկրում օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում գումար ունեցող կամ անգամ չունեցող, բայց վերջին պահուստները վճարող քաղաքացիներին բանակում չծառայել, դա երկրի անվտանգությունն ու պաշտպանողունակությունը բարձրացնո՞ւմ, թե՞ թուլացնում է։ Այսինքն՝ Փաշինյանը 2018 թվականից պետական ինստիտուտների՝ ի դեմս կառավարությանն առնթեր մարմինների, լուծարման գործընթաց է տանում, այսինքն՝ պետության չգոյության գործընթաց է տանում. 3 նախարարություն փակեց՝ բացառապես որեւէ հիմնավորում չտալով՝ գյուղատնտեսության, սփյուռքի, մշակույթի նախարարությունները, երբ այդ նախարարությունները մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող էին։ Լուծարման այլ գործընթացներ էլ են տանում, օրինակ՝ ԱԱԾ կարեւորագույն գլխավոր վարչությունները ԱԱԾ տնօրենի կառավարումից հանում է ու տանում իր ենթակայության տակ է դնում։ Իր կառավարչական, անվտանգային «փայլուն» գիտելիքներն ու փորձառությունները փորձում է կիրառել, օրինակ, արտաքին հետախուզությունում, պետական պահպանության ծառայությունում, երբ այդ 2 կառույցն իրենց գործունեությունն իրականացնելու համար իրենց աշխատանքները համադրում էին ԱԱԾ այլ գլխավոր վարչությունների հետ։ Հիմա միայն ինքն է որոշում կայացնելու՝ իր «փայլուն» գիտելիքները կիրառելով այդտեղ։ Բանակի հետ կապված․ 44- օրյա պատերազմից հետո մեր բանակը որքանո՞վ է վերազինվել, մասնագիտական կորուստները լրացրել, ռազմամթերք գնվել, որոնց վերջնարդյունքը զորավարժությունները պետք է լինեն։ Ադրբեջանն ու Թուրքիան 44-օրյայից հետո ավելի քան 20 մեծ ու փոքր զորավարժություններ են արել, իսկ Հայաստանը՝ 0։ Հայաստանն անգամ չի էլ բարեհաճում մասնակցել ՀԱՊԿ անդամ այլ երկրներում զորավարժություններին, էլ չեմ ասում, որ չեղարկում է իր երկրի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները։ Այսինքն՝ այս բոլորը պետական ինստիտուտների աստիճանաբար փլուզման միտում ունի»,- պատասխանեց Նահապետյանը։

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը եւս կարծիք հայտնեց Հայկ Սարգսյանի այս գաղափարի մասին․ «Դրանք բանակը ոչնչացնելու վերջին քայլերն են։ Դա խայտառակություն է, բայց սպասելի, քանի որ դա տրամաբանական ավարտն է այն ամենի, ինչ սրանք սկսեցին անել 2018 թվականից ի վեր։ Ես հիշում եմ, որ 1 տարի առաջ եւս նման նախաձեռնություն շրջանառության մեջ դրվեց, ես այն ժամանակ էլ ասացի, որ դա դառնում է վարձկանների բանակ՝ պայմանագրային հիմունքներով, ինչպես ՊՊԾ գունդը, ոստիկանությունը եւ այլն, որոնք աշխատավարձի համար ամեն ինչի պատրաստ են, ցանկացած հրաման կկատարեն: Ես նաեւ այդ ռիսկն եմ տեսնում՝ առանց մեր պայմանագրային զինծառայողներին վիրավորելու ցանկության։ Կա նաեւ սոցիալական արդարության հարցը․ ստացվում է, որ անապահով խավը չունի ոչ մի իրավունք, միայն ունի հանուն հայրենիքի մեռնելու պարտավորություն կամ «հանուն ոչնչի»։ Ես նաեւ հետեւյալն եմ տեսնում, որ անգամ ամենաանապահով խավը պատրաստ կլինի վաճառել իր տունն ու տեղը՝ իր տղային բանակից ազատելու համար: Իհարկե, ոչ բոլորը, բայց շատերը, մարդիկ էլի կմտնեն տարբեր պարտքերի ու վարկերի տակ, կդառնան ստրուկներ ու ծառաներ, որպեսզի իրենց զավակները խուսափեն բանակում ծառայելուց, քանի որ երեխաներին տանում են որպես մսացու: Այդ կերպ նաեւ ահաբեկում են, այդ կերպ նաեւ ապացուցում են, որ երեխաները մահանում են հանուն ոչնչի, ուրեմն գնացեք ամեն քայլի, որ նրանց ազատեք բանակից։ Փաստորեն, իրենք ձեւը գտել են նաեւ դրա վրա փող աշխատելու եւ մեր քաղաքացիներին գռփելու»,- ասաց Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս