«Ինձ ու նախարարությանը մի ամբողջացրեք». Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նախարարությունը չի տիրապետում, թե ինչ քարտեզներով պետք է Ադրբեջանի հետ տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, նախարարությունը նման քարտեզներ չունի։
«Ես գուցե՝ որպես նախարար ու քաղաքական պաշտոնյա, շատ բաներ գիտեմ, ինձ ու նախարարությանը մի ամբողջացրեք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձանց համար բացելուն, Գնել Սանոսյանն ասաց, որ առհասարակ, երբ ցանկացած ենթակառուցվածք բացվում և օգտագործվում է, ապա բոլոր երկրներին կամ այդ ենթակառուցվածքն ունեցող երկրին բերում է դրական ու օգտակար արդյունք։
«Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետին, ապա այժմ այնտեղ որոշակի կահավորման ու շինաշխատանքներ են տեղի ունենում։ Թե կոնկրետ երբ կսկսի աշխատելը՝ չեմ կարող ասել, այդ մասով այլ բանակցողներ ու աշխատողներ ունենք»,- շեշտեց Գնել Սանոսյանը։
Թե իշխանությունների հայտարարած «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի հարևանները, մասնավորապես, Վրաստանն ու Իրանը՝ հարցին, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ Վրաստանում է եղել, եղել է նաև այն դահլիճում, որտեղ ներկայացվել է «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։
«Կարող եմ փաստել, որ գործընկերների կողմից բավականին դրական է ընկալվել հայեցակարգը, կարծում եմ՝ տարբեր գործընկերների կողմից այն դրական ընկալում կունենա»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, մասնավորապես՝ բնակարանաշինության վերաբերյալ հարցին, Գնել Սանոսյանն ասաց, որ այս պահին մի քանի ծրագիր են ներկայացնում։
Կարճաժամկետ ծրագիրն այն էր, որ մարդկանց ժամանակավոր տեղակայեին, փորձեին նրանց առաջնային կարիքները հոգալ։
Միջնաժամկետ առումով նախատեսում են իրականացնել ևս մեկ ծրագիր, կա նաև երկարաժամկետ ծրագիր, որի մասով, ըստ նրա՝ կան տարբեր քննարկումներ՝ բնակարանների սերտիֆիկատների տրամադրում, բնակարանաշինություն իրականացնել և այլն։ Այդուհանդերձ Գնել Սանոսյանը նաև նշեց՝ այն, ինչ ասաց, վերջնական չէ։