Արևմուտքի գեներացրած բանակցային գործընթացը վտանգի տակ է․ վերլուծաբան
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, ադրբեջանական կողմը ևս նմանատիպ հայտարարություն արեց։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։
Նա նաև նշել է, թե վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության բանակցություններն ընթացել են մի քանի հարթակներում, հայկական կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ խաղաղության ապագա պայմանագրի պայմանների վերաբերյալ, Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը։
Ըստ նրա, Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է մինչ այսօր։ Ուստի հաջորդ քայլերը պետք է Հայաստանն անի։ Այսօրվա դրությամբ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը»,- եզրափակել է ադրբեջանցի դիվանագետը։
Ուշագրավ է նաև, որ այս ամենին զուգահեռ՝ ինտենսիվ բանակցային գործընթաց են վարում Մոսկվան և Բաքուն։ Ինչպես հոկտեմբերի 24-ին, այնպես էլ հոկտեմբերի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական օրակարգը, ինչպես նաև հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատումը:
Նշենք, որ նախորդ հաղորդագրության մեջ հոկտեմբերի 24-ին որևէ խոսք չկար խաղաղության պայմանագրի մասին։ Հոկտեմբերի 24-ին Բաքվում ընդունել էին ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, ով, սակայն, զարմանալիորեն դեռ Հայաստան չի ժամանել կամ հայաստանյան այց հայկական կողմի հետ չի համաձայնեցրել։
Այնուամենայնիվ ուշագրավ է, որ Խովաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ կարճ ժամանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու իրական հնարավորություններ կան։
Այս օրերին նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում ծրագրվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը չի կայանա, դառնալով Արևմուտքում ծրագրված, սակայն ձախողված և տապալված արդեն իսկ երկրորդ հանդիպումն ամսվա սկզբին Գրանադայի հնգակողմ հանդիպման ձախողումից հետո Ալիևի չմասնակցության պատճառով։
Օրերս 168․am-ը գրել էր, որ Խովաևի այցով Ռուսաստանն առաջարկներ և Խաղաղության համաձայնագրի պլան է նախապատրաստում։ Եվ ըստ էության հոկտեմբերի 28-ի Լավրով-Բայրամով հեռախոսազրույցում այս թեմայի ներառմամբ այս տեղեկատվությունը հաստատվեց։
Եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակն աշխատում է ընդդեմ գործընթացի, և գեոպոլիտիկ այս իրավիճակում կողմերի միջև համաձայնությունը պայմանագրի շուրջ ավելի ու ավելի բարդ է թվում։ Ինչպես կարելի է նկատել, ըստ վերլուծաբանի, բոլոր հակամարտություններում՝ Ուկրաինա, Իսրայել-Պաղեստին, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Ռուսաստանը և Արևմուտքը տարբեր ճամբարներում են, հակամարտությունները ոմանք օգտագործում են միմյանց դեմ, և սա շատ բարդացնում է որևէ համաձայնություն։
«Այդ երևույթը մենք տեսնում ենք ամենուր՝ ՄԱԿ-ի քվեարկություններ, հայտարարություններ, աջակցություն այս կամ այն կողմին Արևմուտքից ու Ռուսաստանից։ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու պայքար է մղում Ռուսաստանը, բանակցային ցանկացած փուլում գործընթաց ներթափանցելու փորձ է կատարում, թեև, ինչպես կողմերն են հայտարարում, համաձայնագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է։
Աշխարհաքաղաքական նման պայթյունավտանգ իրավիճակում միջնորդները ևս այլ ռեժիմով ու պատասխանատվությամբ պետք է գործեն։ Այս դեպքում խոսքն Արևմուտքի մասին է, որը երկար ժամանակ աշխատել է, ու այսօր գործընթացը կարող է անցնել մեկ այլ միջնորդի։
Իհարկե, նման հարցերում և հատկապես այս ռեգիոնում Արևմուտքը չունի այն կապերը, ինչ Ռուսաստանը, ինչպես նաև գուցե չի պատկերացնում իրավիճակը տեղում այնպես, ինչպես Ռուսաստանը։ Թեև Արևմուտքն ունի դիտորդներ Հայաստանի Հանրապետությունում, դա հեշտացնում է որոշակիորեն Արևմուտքի գործը, բայց ավանդական կապերը դեռ գործում են, և այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Արևմուտքի գեներացրած գործընթացը վտանգված է»,- նկատեց նա։