
Սուդանի արևմուտքում վերսկսվել են մարտերը՝ չնայած Ջիդդայում բանակցությունների մեկնարկին

Սուդանի արևմուտքում վերսկսվել են զինված բախումները զորքերի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Asharq հեռուստաալիքի տեղեկատվության` մարտեր են ընթանում Արևմտյան Կորդոֆանի նահանգում։ Տեղեկատվություն չկա բախումների պատճառի և կողմերի կորուստների մասին։
Միևնույն ժամանակ Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսել են անուղղակի բանակցությունների հերթական փուլը։ Որպես միջնորդ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը։
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն զինադադարի հնարավորությունը և ռազմական գործողությունների վերջնական դադարեցման հեռանկարները։
Վերջին վեց ամսվա ընթացքում կողմերը մի քանի փուլով խորհրդակցություններ են անցկացրել Ջիդդայում: Բազմիցս հայտարարվում էր բանակի և հատուկ նշանակության ջոկատների միջև հրադադարի ռեժիմ հաստատելու մասին, սակայն ձեռք բերված համաձայնություններից և ոչ մեկը մինչև վերջ չի կատարվել: