Մեր պետության տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` երբ ինքը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, դրան հետևեց բազմահազարանոց ցույց։ Իսկ այդ ցույցը, ըստ նրա, ցույց էր տալիս, որ հանրությունը պետության՝ որպես միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունի։
«Սա ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների ըստ էության անկյունաքար։ Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ, և այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը՝ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այդ ընկալումից բխող գործնական առանցքային խնդիրը որքան էլ տարօրինակ հնչի, պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է։ Հետևաբար, կարևոր է համարում արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ Հայաստանը գտնվում է Հարավկովկասյան տարածաշրջանում, կա չորս հարևան, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր սպառնալիքներն ու հնարավորությունները, որ կարող է Հայաստանն ունենալ։
«Այս առումով կարևոր է Վրաստանի ու Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Պետք է ընդգծեմ, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում