Հունգարիան պատրաստ է ձեռնարկել ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման քայլեր. նախարար Սիյարտոն՝ Հայոց Հայրապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։
«Նորին Սրբությունը, ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հայոց Հայրապետը նշեց, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական կապերի և փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադրբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։
Հայոց Հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված Լեռնային Ղարաբաղի հայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև գերիների վերադարձման և ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ իր հերթին, նախարար Պետեր Սիյարտոն արժևորել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։
Նախարարն ընդգծել է, որ հայ և հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։
Նշվում է, որ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծել է նաև, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։