Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների հիվանդացության աճ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների հիվանդացության աճ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ հիվանդացության աճ գրանցվել է ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ մարզերում։
«Այս շաբաթ նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել է սուր շնչառական վարակների հիվանդացության 1,1 անգամ աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ աճը կազմում է 1,5 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-18 տարեկանների շրջանում։ Նրանց 50 տոկոսը կազմում են 0-4 տարեկան երեխաները։ Ասեմ, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ 500 անձ հոսպիտալացված է։ Բուժհաստատությունները ծանրաբեռնված են աշխատում։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գրիպի շրջանառություն չկա, սակայն ունենք այլ շնչառական վիրուսների շրջանառություն, ինչպես նաև կորոնավիրուսային հարուցիչների»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից հանրապետություն ներկվել է սեզոնային գրիպի դեմ նախատեսված պատվաստանյութ։ Պոլիկլինիկաներն ունեն բավարար չափով պատվաստանյութեր, որոնք առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, հղիներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, սպասարկող անձնակազմ, քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, բուժհաստատությունների աշխատողներ և այլք։
«Հանրապետությունում բոլոր քաղաքացիների համար պատվաստանյութը հասանելի է անվճար։ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող են անվճար պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստանյութն առաջնահերթ կառաջարկվի ռիսկի խմբերին, սակայն կարող են պատվաստել նաև այլ ցանկացողներին, որոնք ներառված չեն ռիսկի խմբում»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։
Մասնագետը նշեց, որ խոսքը գրիպի դեմ պատվաստումների մասին է, իսկ գրիպը սովորաբար բարդ ընթացքում է ունենում՝ լուրջ հետևանքներով։ Գրիպի դեմ պատվաստման նպատակը ոչ միայն հիվանդանալը կանխարգելելն է, այլ նաև ծանր դեպքերի թիվը նվազեցնելն է։ Նրա խոսքով՝ սեզոնի ընթացքում շրջանառվում են նաև այլ հարուցիչներ։ Չի բացառվում, որ գրիպի դեմ անձը պատվաստված լինի, սակայն այլ սուր շնչառական վիրուսով վարակվի։