«Ոնց որ հիպնոսած լինեն ժողովրդին. տասնյակ հանցագործություններ են տեղի ունեցել և մատնվել մոռացության». Վահագն Չախալյան
Օրերս փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։
Փաստաբանը մանրամասնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։
Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել էր 2 ամսով՝ Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ կատարելու մեղադրանքով:
Այսօր ի պաշտպանություն Տաթևիկ Վիրաբյանի՝ բողոքի ակցիա էր Կառավարության շենքի առջև:
Հանրային գործիչ Վահագն Չախալյանը շեշտեց՝ ակցիա են իրականացնում, որպեսզի մոռացության չմատնվի երկրում ապօրինի կալանավորվածների և քաղբանտարկյալների փաստը, և պահանջում են սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին ապօրինի կալանավորվածների ազատ արձակում:
«Այս իշխանությունների օրոք Արցախը հանձնելուց (գլխավոր հանցագործությունն Արցախը հանձնելն է) բացի՝ կալանավայրում քաղբանտարկյալ է հացադուլից մահացել, հղի կնոջ են մեքենայի տակ գցել… Տասնյակ հանցագործություններ են տեղի ունեցել, բայց այդ ամեն ինչը հետաքրքիր ձևով մատնվում է մոռացության:
Մեր նպատակներից մեկը նաև այն է, որ մոռացության չմատնվի. մեզ համար անհասկանալի է նաև՝ նույն կալանավորվածի ծնողները, հարազատները ինչի՞ պահանջատեր չեն: Մի տեսակ, ոնց որ հիպնոսած լինեն մեր ժողովրդին»,- նշեց Վահագն Չախալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում