Երևանի ավագանին ընտրեց չորս փոխքաղաքապետերի
«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն:
Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։
Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է նաև ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը: Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է 31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ Իսկ Սուրեն Գրիգորյանը փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվեց 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնեց 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին հայտարարեց նաև, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է Վահան Ավագյանը, քարտուղարը՝ Վահե Եսայանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում: