Հրանտ Բագրատյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնnւթյшն կոչեր անելու համար․ գործը դատարանում է
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական, տեղեկատվական համակարգից։ Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։
Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։
Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։
Հրանտ Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։