Չենք վաճառվում
Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումն ու արցախահայերի բռնի տեղահանումը Հայաստանի իշխանության համար դարձել է հրաշալի փիառի՝ ինքնագովազդի առարկա։ Արցախցի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարությունը որոշակի աջակցություն է տրամադրում, կատարվում են խորհրդանշական ֆինանսական փոխանցումներ և այլն։ Դա միանգամայն բնական է ու իրականում այն նվազագույնն է, որն Արցախի երբեմնի երաշխավոր Հայաստանը պարտավոր էր անել արցախահայերի համար։
Խնդիրն այն է, սակայն, որ ՀՀ քաղաքացիների, հարկատուների միջոցներով արցախահայերին տրամադրվող աջակցությունն իշխանությունները ներկայացնում են այնպիսի տեխնոլոգիաներով ու քարոզչական փաթեթավորմամբ, կարծես դա իրենց բարեսրտության ու մեծահոգության արտահայտությունն է, և դրա համար Արցախի տեղահանված բնակիչները պարտական են անձամբ Նիկոլ Փաշինյանին։
Բանն այն է, որ վերջինս արցախահայերին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին ցանկացած տեղեկատվություն ներկայացնում է անձամբ իր անունից, ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնական տեղեկատվության տարածման խողովակներով, ՀՀ կառավարության համապատասխան ծառայություններով, այլ սեփական սոցցանցի էջով։ Բոլոր այդ տեղեկությունները Նիկոլ Փաշինյանը համեմում է «Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին․․․» ձևակերպմամբ ու դա անում է այնպես, կարծես, եթե չլիներ իր կամքը, արցախահայերից յուրաքանչյուրին ՀՀ կառավարությունն ամիսը 50 հազար դրամ չէր տրամադրի։
Այսինքն՝ ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը հարկատուների միջոցներով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին իբրև թե «լավություն է անում»՝ քարոզչական տեխնոլոգիաներով դա ներկայացնելով այնպես, որպեսզի դրա շահառուների մոտ ստեղծի իր անձի նկատմամբ երախտիքի զգացողություն։
Այս՝ հարկատուների միջոցներով մարդկանց խնդիրները լուծելու ու դա որպես սեփական բարեգործություն ներկայացնելու սովորությունը Փաշինյանի համար նորություն չէ։ Ժամանակին, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իրեն չխնայելով՝ քննադատում էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2017թ. ստեղծված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», դրա հիմքում դրված «ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա սկսեց խոսել այդ հիմնադրամի կարևորության մասին՝ որպես զոհված և վիրավորված զինծառայողների փոխհատուցումն ապահովող մեխանիզմ: Իսկ արդեն 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին Փաշինյանի թիմակիցները սկսեցին մանիպուլացնել՝ սպառնալով, որ իրենց քննադատողները կզրկվեն այդ գումարներից: Այն դեպքում, երբ այդ փոխհատուցումները որևէ կապ չունեին և չունեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ով լինելու հետ։
Բայց տվյալ դեպքում Փաշինյանի խնդիրը միայն ճղճիմ քարոզչական դիվիդենտներ ապահովելը չէ, կան ավելի հեռահար նպատակներ։ Արցախի հանձնումից ու հայաթափումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը գտնվում է խորը ու այս պահին անհաղթահարելի թվացող ճգնաժամում։ Բայց քաղաքական դաշտի, կուսակցական համակարգի անկարողությունից տեղի ունեցած ողբերգության ծավալը չի նվազում ու վերքը չի ամոքվում, այսինքն՝ օդում շարունակում է կախված մնալ Արցախի հետ կատարված տիեզերական դավադրության ու դրա պատասխանատուների հարցը, որը երբևէ, որևէ դրսևորմամբ, որևէ ձևաչափով գալու է հրապարակ։
Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ անհամեմատ ավելի կարճ ժամանակում ու շատ ավելի դինամիկ գործընթացներով, քան թվում է այս պահին։ Իսկ դա նշանակում է, որ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիների զգալի հատվածն այս կամ այն չափով ցանկացած պահի կարող է դառնալ հակաիշխանական գործընթացների ակտիվ մասնակից։
Նիկոլ Փաշինյանը, ահա, կանխազգալով այս վտանգը, այսօր փորձում է գոնե ընկալումների մակարդակում արցախահայերի մոտ տպավորություն ստեղծել, թե իրեն են պարտական ՀՀ պետական բյուջեից ստացվող գումարների համար, ինչը նրանց՝ որպես պարկեշտ մարդկանց, կարող է հետ պահել առաջիկայում հակաիշխանական գործընթացներին մասնակցելու որոշումից։ Սա, իհարկե, մանր ու էժան հաշվարկ է, որի հիմքում ընկած է «փոխհատուցում՝ հայրենիքի դիմաց» բանաձևը։
Այդ հաշվարկը խափանելու միակ արդյունավետ միջոցը բոլոր հնարավոր միջոցներով արցախահայությանն այն ճշմարտության հաղորդումն է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հատկացվող աջակցության հետ կապ ունի միայն բախտի և հանգամանքների բերումով, որ դա նրանց՝ ՀՀ քաղաքացի ու իրական քույրերի և եղբայրների միջոցներից հատկացվող աջակցություն է, որի կարիքն ընդհանրապես չէր լինի, եթե այդ քույրերն ու եղբայրները չհանդուրժեին այն իշխանությանը, որն այսօր իրենց միջոցներով, բայց սեփական անունից փոքր գումարներ է հատկացնում հայրենիքից զրկված արցախահայերին։
Նրանց միակ արձագանքը Նիկոլ Փաշինյանին կարող է և պետք է լինի «Չենք վաճառվում» պատասխանը, որը երբևէ նա լսելու է սեփական աշխատասենյակի զրահապատ պատուհաններից։
Հարություն Ավետիսյան