Մենք նկատեցինք, որ պարոն Կլաարը խուսափում է ուղղակի մեկնաբանություններից. Սերգեյ Մելքոնյան

«Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա»,- հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հեռավար մասնակցում էր Երևանում ընթացող APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

168.am-ը նույն համաժողովի շրջանակում միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ քաղաքականության մեջ որքանո՞վ է օբյեկտիվ «ժամանակի սղություն» պատճառաբանությունը:

«Մենք նկատեցինք, որ պարոն Կլաարը խուսափում է որևէ ուղղակի մեկնաբանություններից։ Օրինակ, այն հարցին, թե ինչ պատժամիջոց կկիրառի ԵՄ-ն Ադրբեջանի, կամ Ալիևի դեմ, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ևս խուսափեց պատասխանել,- արձանագրեց միջազգայնագետը՝ հավելելով,- Իհարկե, ոչ ոք չի ասի, թե ինչու այս հանդիպումը տեղի չի ունենա:

Կարդացեք նաև

Իսկ բոլորն արդեն հասկացել են, որ Ադրբեջանին ընդհանրապես պետք չեն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրերը, որովհետև առանց այդ պայմանագրերի՝ Ադրբեջանն ավելի շատ բան կստանա, քան ինչ-որ փաստաթղթով, որն  իրեն կսահմանափակի, որովհետև Ադրբեջանը տեսնում է՝ ոչ ոք պատրաստ չէ պատժամիջոց կիրառել իր դեմ»:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական Կլաարի՝ «մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն» դիտարկումը, և ո՞ր պայմաններում է հնարավոր այդ վերադարձը, Սերգեյ Մելքոնյանը պատասխանեց. «Ընդհանրապես հնարավոր չէ: Հայերը կարող են Արցախ վերադառնալ, երբ Արցախը դարձյալ կլինի հայկական: Այժմ ոչ ոք պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տալ: Հայերի անվտանգության գլխավոր երաշխավորը ՊԲ-ն էր, քանի այդ բանակն այդտեղ չկա, ոչ ոք պատրաստ չէ, և ինչպես Կլաարի հայտարարություններից հասկացանք, նույնիսկ Արևմուտքը պատրաստ չէ երաշխիքներ տալ հայերին, որոնք կվերադառնան Արցախ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս