Ալեն Սիմոնյանն ու Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:

Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի եւ իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հասցեական ելույթի համար:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:

Տեսանյութեր

Լրահոս