Բաժիններ՝

ԱՀԿ-ն հայտարարել է տարեսկզբից ավելի քան 30 երկրներում խոլերայի բռնկման դեպքերի մասին

Այս տարի խոլերայի բռնկումներ են գրանցվել առնվազն 31 երկրներում, աշխարհում հիվանդանալու վտանգի տակ է մոտ 1 միլիարդ մարդ:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ տվյալները Ժնևում դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչների առջև ելույթում ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Այս հիվանդությանը մենք վաղուց պետք է հաղթեինք, սակայն փաստորեն այն ​​աճում է», – ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նա ընդգծել է, որ 2022 թվականին խոլերայով հիվանդանաու դեպքերի թիվը 2021 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ «ընթացիկ տարում իրավիճակն ավելի վատ կլինի»։

Գեբրեյեսուսը հայտնել է, որ 2023 թվականին առնվազն 31 պետություններում խոլերայի բռնկում է եղել, և որ վտանգի է ենթարկվում մեկ միլիարդ մարդ:

«Այժմ ամենամեծ մտահոգությունը հարուցուն են բռնկումները Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Եթովպիայում, Տանզանիայում, Սուդանում, Սիրիայում և Զիմբաբվեում», – շարունակել է գլխավոր տնօրենը:

Աֆրիկա մայրցամաքի հարավում զգալի առաջընթաց է ձեռք բերվել այդ հիվանդության դեմ պայքարում, սակայն անձրևների սեզոնը մեծացնում է լուրջ բռնկումների վտանգը։

Գեբրեյեսուսը նաև ուշադրություն է հրավիրել կենսական նշանակության պաշարների, այդ թվում խոլերայի դեմ պատվաստանյութի լուրջ պակասի վրա: ԱՀԿ ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել արձագանքել խոլերայի դեմ պայքարի համար 160 մլն դոլար տրամադրելու կոչին։

Հոկտեմբերի սկզբին Ժնևում հրապարակված ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ տարեսկզբից խոլերայով վարակվածների թիվը գերազանցել է 582 հազարը, մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս