Հայաստանը դառնում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն

Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես և ակնկալվում էր, հայ-ռուսական հերթական լարման պատճառ է դառնում։ Իրեն բնորոշ կերպով Մոսկվայի համար ներկայանալով այլ շեշտադրումներով, իսկ Բրյուսելի համար՝ այլ, եվրոպական լսարանի առջև Փաշինյանը փորձեց մի շարք ականջահաճո հայտարարություններ անել, ներկայացնել, թե ինչպես է «տառապում» Հայաստանի, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ինչ մարտահրավերների է բախվում, ինչպես է Ռուսաստանը վարվում Հայաստանի հետ, ինչ աջակցության կարիք ունի Հայաստանը՝ ընդունելով Արցախից բռնի տեղահանվածներին, և ինչի է պատրաստ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաև ինչ քայլերի է պատրաստ Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու համար։

Փաշինյանը, ով այս ելույթից հաշված օրեր առաջ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո փորձեց հավատարմության երդում տալ Ռուսաստանին՝ ասելով, թե Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը, եվրոպատգամավորների առջև բողոքեց․ «Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախնում էր ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի ՀՀ դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»։

Նա նաև ասել է, որ ռուս խաղաղապահների անգործության հետևանքով ավելի քան 100.000 հայ մեկ շաբաթվա ընթացքում լքեց իր տունն ու հայրենիքը։ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները ՀՀ-ին ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին: Եվ իր ելույթը Փաշինյանն ավարտել է՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին․ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս ուսի տված»: Եկեք շարունակենք կանգնած լինել ուս ուսի՝ ժամանակներն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն»։

Այս ելույթից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում փոխել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, իսկ Պուտինը նշել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից։ Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և վստահ է, որ Հայաստանը չի հեռանա ԱՊՀ-ից: «Այնտեղ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ես լիովին ըմբռնելի եմ համարում: Հիմա մանրամասներ չեմ հայտնի, լավ կլինի՝ այդ մասին վարչապետ Փաշինյանին հարցնեք: Բայց որքան ես եմ հասկացել՝ Հայաստանը չի հեռանում ԱՊՀ-ից»,- ասել է Պուտինը:
Սակայն, ինչպես Հռոմի ստատուտը, Եվրախորհրդարանի փաշինյանական ելույթը դարձել է Մոսկվայի հերթական սուր հայտարարությունների պատճառ։ Ռուսական առաջատար լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվան միանգամայն անպատասխանատու և սադրիչ է համարում հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Մոսկվայում բարձրաստիճան աղբյուրը։ Հատկանշական է, որ նույն տեղեկությունը հրապարակել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով նույն աղբյուրին: Նշվում է, որ զրուցակիցը նաև հավելել է, որ «Հայաստանի վարչապետը «յոթ մղոնանոց» քայլերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։

«Հոկտեմբերի 17-ին ԵԽ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք միանգամայն անպատասխանատու և սադրիչ, հատկապես՝ Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինան, իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է աղբյուրը։

Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանին ուղերձ է հղել Սահակաշվիլին՝ նշելով, որ Փաշինյանը Պուտինի թշնամին է։ «Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության և, հավատացեք, որքան էլ նրան բավարարեք, հավատարմության երդում տաք, նա երբեք ձեզ չի ներել և չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյունարբու թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում»,- գրել է նա՝ խորհուրդ տալով բացահայտորեն հայտարարել և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։

«Հուսով եմ՝ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միևնույն ժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը»,- Փաշինյանին այսպիսի խորհուրդ է տվել Սահակաշվիլին։
Եվ ըստ էության հենց նույն օրը եղավ Փաշինյանի ելույթը ԵԽ-ում, որտեղ նա խոսեց պայմանագրի ստորագրման հարցում իր պատրաստակամության և այն քայլերի մասին, որոնց պատրաստ է իր իշխանությունը դրա համար։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հանգամանքին, որ վերջերս «Վալդայ» ակումբում Պուտինն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, վերջինս հերթական քայլն է անում Արևմուտքին ընդառաջ, փորձում սիրաշահել Արևմուտքին՝ միևնույն ժամանակ Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն։

Ըստ նրա, Փաշինյանն իր հայտարարություններն անելիս ու որոշումները կայացնելիս սխալ աշխարհաքաղաքական վերլուծությունների վրա է հիմնվում՝ կարծելով, թե կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կկորցնի ողջ ռեգիոնը, կամ՝ եթե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, ուրեմն Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։

«Դա ամենևին այդպես չէ, Ռուսաստանը կարող է ինքն իր վեկտորը փոխել՝ հասկանալով պաշտոնական Երևանի նախասիրությունները։ Պարզապես փորձ է արվում քաղաքականության և սխալների ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ տեղավորվել Արևմուտքի հակառուսական ալիքի շրջանակում, փորձելով գտնել հովանավորներ և պաշտպաններ»,- ասաց նա։

Իր հերթին՝ վրացի քաղաքական մեկնաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կողմնորոշված են դեպի Արևմուտք, և վերջնական քայլը ժամանակի հարց է։ Սակայն, ըստ նրա, հասկանալով, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլերի դիմել, փորձում են այդ մասին չհայտարարել կամ ամրագրել այն, որ ՌԴ-ն ՀՀ-ում շահեր չունի, ՌԴ-ն է լքում իր դաշնակցին, չի կատարում իր պարտավորությունները, իսկ ՀՀ-ն ստիպված այլ հնարավորություններ է փնտրում։


«Բարդ աշխարհաքաղաքական խաղ է գնում՝ հասկանալով տարբեր ռեգիոններում աշխարհակարգի փլուզմամբ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակները, կտրուկ քայլերը կարող են բարդ հետևանքներ ունենալ։ Սակայն, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների հետ զուգահեռ սերտ հարաբերությունները չի ընկալվում, որը ստեղծում է նման բարդ իրավիճակ խոցելի երկրների համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս