Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ․ Արարատ Միրզոյան

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը ֆրանկոֆոնիայի հետ, և դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության ստանձնումը չորս տարով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երկխոսության դինամիկան վկայում է ՖՄԿ-ի և Հայաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների և սերտ համագործակցության մասին։ Այսօր Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես ՖՄԿ-ի կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։

«Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից են ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման խթանումը, այդ թվում Հայաստանի և ՖՄԿ-ի միջև ստորագրված ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026 թվականների ծրագրի միջոցով։ Մենք շարունակում ենք նաև առաջ մղել ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի ամենավառ վկայությունն է արդեն տասը տարի շարունակ յուրաքանչյուր տարի Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէր, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կազմակերպվեց ավելի քան 700 միջոցառում»,- նշեց Միրզոյանը։

Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ Հայաստանն, ըստ ՀՀ արտգործնախարարի, կարևորում է ՖՄԿ անդամ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռվող հնարավորությունները։ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման՝ Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին մեր երկրում ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը։ Պաշտոնական Երևանն ակնկալում է կազմակերպության դրական արձագանքը։

Դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբվելու նպատակով։ Բացի մեր երկրի և ՖՄԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում Միրզոյանն ընդգծեց կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ ՖՄԿ-ի գլխավոր քարտուդարի հստակ ու հասցեական արձագանքը, ինչը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։

«Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը։ Միաժամանակ դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունը և դրա զսպման հրամայականը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Նրա հավաստմամբ՝ ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար։ Այդ ուղղությամբ Հայաստանը համագործակցում է միջազգային գործընկերների հետ։ ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հանդիպել է բռնի տեղահանվածների, այդ թվում՝ երեխաների հետ։ Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ պաշտոնական Երևանն ընդգծում է տարածաշրջանային երկրների կողմից նշված մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ հստակ, գործուն քայլեր կատարելու անհրաժեշտությունը։

«Այդ նպատակով բազմիցս ենք շեշտել, որ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին, ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումն ինքնիշխանության, ազգային իրավասության ներքո փոխադարձության և հավասարության սկզբունքներով։ Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր հայկական եկեղեցիների, ամրոցների, մեր մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը»,- եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս