Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել
Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։
«Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության օգտին, և մենք սգում ենք այն բուժառուներին, բժշկական անձնակազմին և այլ անմեղ մարդկանց, որոնք սպանվել կամ վիրավորվել են այս ողբերգության հետևանքով», – գրել է Սպիտակ տան ղեկավարը X սոցիալական հարթակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես արձագանքել է ողբերգական միջադեպին՝ նշելով, որ ալ-Ահլին մեկն էր հյուսիսային Գազայում գտնվող այն 20 հիվանդանոցներից, որտեղից, Իսրայելի բանակի հրահանգով, մարդիկ պետք է տարհանվեին։
«Տարհանման հրահանգը հնարավոր չէր իրականացնել՝ հաշվի առնելով ներկայիս անապահով իրավիճակը, բազմաթիվ հիվանդների վիճակը, շտապ օգնության մեքենաների, անձնակազմի, առողջապահական համակարգի կարողությունների և տեղահանվածներին այլընտրանքային օթևան տրամադրելու հնարավորության պակասը», – մեջբերում է Reuters-ը հատված հայտարարությունից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով պաղեստինցիներին «հավաքական կերպով պատժելն» արդարացված չէ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես դատապարտել է հարձակումը և կոչ է արել պարզաբանել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Պայթյունի բոլոր հանգամանքները հետաքննելու կոչ է արել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Իրանը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ հիվանդանոցի պայթյունի զոհերի, իսկ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին խստորեն դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ «անմեղ պաղեստինցիների դեմ հարվածը հասցրել են իսրայելական և ամերիկյան ռումբերով»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը Գազայի հիվանդանոցին հասցված հարվածն անվանել է հանցագործություն։ Գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում կոչ է արել, որ Իսրայելը տրամադրի արբանյակային լուսանկարներ և ապացուցի, որ առնչություն չունի հարվածի հետ։
Գազայի հիվանդանոցի գնդակոծությունը դատապարտել են նաև Աֆրիկյան միությունը, Եգիպտոսը, Ալժիրը, Պակիստանը, Թուրքիան, Սիրիան, Ճապոնիան, Չիլին, Կուբան և մի շարք այլ երկրներ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։
Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։
Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։