Դատախազը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ:

2023 թվականի հոկտեմբերի 4-ին դատախազը հաստատել է Հ.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս