«Արդար» և «մեղավոր» ամուսնական կյանքում
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»:
Այնուհետև այդ նույն հոգևորականների մոտ նրանց կանայք են գնում, ում նրանք նորից նույն բանն են ասում. «Դիմացի՛ր, դիմացի՛ր, որպեսզի վարձք ունենաս Տիրոջից»: Այսինքն ամուսիններից յուրաքանչյուրն էլ կարող է մեղավոր լինել և երկուսին էլ հոգևորականը համոզում է համբերել: Կամ էլ մեղավոր է ամուսիններից մեկը, իսկ հոգևորականն ասում է նրան. «Համբերի՛ր, դիմացի՛ր»: Այս կերպ, ամուսիններից մեկը, ով մեղավոր է ընտանիքում տիրող անհամաձայնության համար, հանգստացնում է ինքն իրեն նրանով, որ իբրև թե ինքն է դիմանում կողակցին այն պարագայում, երբ իրականում ինքն է ամեն օր տանջում նրան:
Մի անգամ իմ խուց եկավ մի մարդ և սկսեց բողոքել, որ անհաշտ է ապրում կնոջ հետ և գործը գնում էր դեպի ամուսնալուծության: Ո՛չ նա և ո՛չ էլ կինը միմյանց անգամ տեսնել չէին ուզում: Երկուսն էլ մանկավարժ էին և երկու երեխա ունեին: Նրանք երբեք տանը չէին ճաշում: Ամուսինը դասերից հետո մի ճաշարան էր գնում՝ ճաշելու, կինը՝ մեկ այլ: Իսկ երեխաների համար ինչ-որ բրդուճներ էին գնում և երբ վերադառնում էին տուն՝ խեղճ երեխաները նրանց գրպաններն ու պայուսակներն էին փորփրում, որպեսզի տեսնեն, թե ծնողներն ինչ են բերել ուտելու: Երեխաները ծանր հոգեվիճակում էին գտնվում: Այս ամենից զատ, այդ մարդը երգում էր եկեղեցում, սակայն այն եկեղեցին, որտեղ նա երգում էր՝ կինը չէր հաճախում: Մեկ այլ եկեղեցի էր գնում: Ահա այդքան մեծ էր նրանց միջև եղած թշնամանքը: «Ինչ արած, հա՛յր, – ասում էր նա ինձ,- ես մեծ խաչ եմ կրում: Շա՜տ մեծ: Մեր տանն ամեն օր վեճեր են»: «Իսկ հոգևորականի դիմե՞լ ես»,- հարցրեցի ես նրան:
«Այո,- պատասխանեց նա,- դիմել եմ:
Հոգևորականն ինձ ասաց. «Դի՛մացիր, դի՛մացիր: Դու մեծ խաչ ես կրում»:
«Շատ լավ,- ասացի ես նրան,- հիմա կտեսնենք, թե ով է մեծ խաչ կրում: Արի ամենասկզբից սկսենք: Երբ դուք նոր էիք ամուսնացել, նույն կերպ վիճո՞ւմ էիք»:
«Ոչ,- պատասխանեց նա,- 8 տարի մենք շատ համերաշխ ենք ապրել: Ես պաշտում էի իմ կնոջը: Ես նրա հանդեպ ավելի մեծ ակնածանք էի տածում, քան Աստծու: Բայց այնուհետև նա լրիվ ուրիշ մարդ դարձավ: Սկսեց նյարդայնացնել ինձ իր բողոքներով, բծախնդրությամբ, տարօրինակություններով…»։
Լսո՞ւմ ես, թե ինչ է կատարվում: Նա կնոջ հանդեպ ավելի մեծ ակնածանք էր տածում, քան՝ Տիրոջ: «Հապա մի այստեղ արի, աղավնյա՛կս,- ասում եմ ես,- Նշանակում է դու կնոջդ հանդեպ ավելի մեծ պատկառանք էիր զգում, քան Աստծո՞: Եվ ո՞վ է այժմ մեղավոր, որ դուք այս վիճակին եք հասել՝ դո՞ւ, թե՞ նա: Այդ քո՛ պատճառով է Աստված Իր Բարեբերությունը վերցրել քո կնոջից»: Այնուհետև հարցնում եմ. «Եվ ի՞նչ ես այժմ դու մտածում անել»:
«Հավանական է, որ մենք կբաժանվենք» պատասխանում է նա: «Մի՞գուցե սիրավեպ ունես այլ կնոջ հետ» հարցնում եմ նրան: «Այո,- պատասխանում է նա,- ես մտածում եմ այդ կնոջ մոտ տեղափոխվելու մասին»: «Ուշքի՛ արի, – ասում եմ,- Մի՞թե չես հասկանում, որ ամեն ինչում ինքդ ես մեղավոր: Եվ ամենից առաջ պիտի Աստծուց ներողություն խնդրես այն բանի համար, որ կնոջդ հանդեպ ավելի մեծ ակնածանք ես տածել՝ քան Նրա: Հետո կնոջդ մոտ գնա ու ներողություն խնդրիր նրանից:
Ասա նրան. «Ներիր ինձ: Ես եմ մեղավոր, որ մեր հարաբերություններն այս վիճակին են հասել և որ մեր երեխաներն այժմ տանջվում են»:
Այնուհետև խոստովանության գնա հոգևորականի մոտ և ակնածիր Աստծուց՝ ինչպես Աստծուց, իսկ կնոջդ սիրիր՝ որպես կնոջ: Եվ կտեսնես, որ ամեն բան կուղղվի»: Իմ նախատինքը նրա օգտին ծառայեց: Նա սկսեց լաց լինել և խոստացավ, որ կհետևի իմ խորհրդին: Քիչ ժամանակ անց, նա կրկին վերադարձավ, բայց այս անգամ ուրախ էր. «Շնորհակալ եմ քեզ, հա՛յր, դու փրկեցիր մեր ընտանիքը: Այժմ ամեն ինչ հրաշալի է թե՛ իմ և կնոջս, և թե՛ մեր երեխաների մոտ»: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է պատահում: Ինքն է ամեն ինչում մեղավոր, սակայն կարծում է, թե «շատ մեծ խաչ է կրում»:
Եվ դուք էլ երբեք մի արդարացրեք այն կանանց, որ ձեզ մոտ մենաստան են գալիս և բողոքում են իրենց ամուսիններից: Նման պարագաներում ես ո՛չ կնոջն եմ արդարացնում, ո՛չ էլ՝ ամուսնուն: Ընդհակառակը՝ ստիպում եմ մտածել թե՛ մեկին և թե՛ մյուսին:
Օրինակի համար, կինն սկսում է բողոքել. «Իմ ամուսինը հարբած տուն է գալիս ուշ գիշերին, հայհոյում է…»: «Տե՛ս,- խորհուրդ եմ տալիս նրան,- երբ նա գիշերը հարբած տուն է գալիս, նրա հետ բարությամբ վարվիր: Եթե դու թթված դեմքով ես նրան ընդունում և սկսում ես «սղոցել» ասելով. «Ինչո՞ւ ես այսքան ուշ գալիս», կամ. «մի՞թե կարելի է այս ժամին տուն վերադառնալ», «ե՞րբ ես վերջապես փոխվելու», «այս ի՞նչ անեծք է», «մեկ օր չէ, երկուս չէ, որքա՞ն կարելի է դիմանալ», ապա սատանան խորհուրդ է տալիս նրան. «Ի՞նչ է, լրիվ խե՞նթ ես, ինչո՞ւ չես բաժանվում այս անխելք կնոջից: Ավելի լավ չէ՞ գնալ և ուրախ ժամանակ անցկացնել մեկ ուրիշի հետ»: Այսինքն, դու միգուցե և ճիշտ ես, սակայն սատանան նրան այլ կողմից կորսա: Իսկ եթե դու նրա հետ բարությամբ վարվես, մի քիչ համբերես այդ վիճակին և աղոթես՝ չներկայացնելով նրան քո գանգատները, ապա նա՝ ստանալով քեզնից մի քիչ արևի լույս ու ջերմություն, կմտածի իր արարքների մասին ու կուղղվի»:
Այնուհետև ամուսինն է գալիս ու սկսում իրենը. «Իմ կինը սղոցում է ինձ, հոգիս հանում է իր բողոքներով…»: «Ա՜խ դու անամո՛թ,- ասում եմ ես, – քո տանջված կինն ու երեխաներն անհամբերությամբ քեզ են սպասում մինչև կեսգիշեր, իսկ դու վերադառնում ես հարբած ու սկսում ես հայհոյել նրանց: Ամո՛թ քեզ ու խայտառակություն: Ի՞նչ է, ամուսնացել ես, որ տանջե՞ս ընտանիքիդ»:
Բայց դեպքեր են լինում, երբ կարող են երկուսն էլ իրավացի լինել: Մի անգամ ինձ մոտ ուխտավորներ եկան և ես պատմում էի նրանց, թե ի՜նչ առաքինի և ողջախոհ մարդ էր Մակրիյանիսը*: Նա առանձնանում էր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մաքրությամբ: Սա լսելով ունկընդիրներից մեկը հանկարծ ոտքի ցատկեց ու բղավեց. «Այդ էր մնացել պակաս, որ Մակրիյանիսին սրբի վերածեն»:
«Ինչո՞ւ»,- հարցնում եմ ես: «Որովհետև նա ծեծում էր իր կնոջը»,- պատասխանում է նա: «Լսի՛ր,- ասում եմ,- ես քեզ կբացատրեմ, թե ինչ էր կատարվում նրա ու կնոջ միջև: Երբ Մակրիյանիսի գրպանում թեկուզ միայն գրոշներ էին լինում և նրա մոտ մի որևէ այրի էր գալիս, ով երեխաներ ուներ, ապա նա այդ այրուն էր տալիս իր ողջ գումարը:
Նրա խեղճ կինն էլ բողոքում էր ու սկսում սղոցել նրան. «Ախր դու էլ երեխաներ ունես, – ասում էր, – Ինչո՞ւ ես փողերդ ուրիշին տալիս»: Այդ դեպքում նա ապտակում էր կնոջն ու ասում. «Դու ամուսին ունես, որը քեզ կապահովի, իսկ այղ խեղճը` չունի: Ո՞վ հոգ կտանի նրա մասին»: Այսինքն այս պարագայում թե՛ Մակրիյանիսը, թե՛ նրա կինն իրավացի էին»: Բացի այդ, եթե ամուսիններից մեկն ապրում է հոգևոր կյանքով, ապա նույնիսկ արդարացի լինելով հանդերձ, նա որոշ իմաստով «իրավունք չունի» իրավացի լինելու: Քանի որ հոգևոր մարդ լինելով` նա պետք է անարդարությանը հոգևոր տեսանկյունից վերաբերվի:
Այսինքն, ամեն ինչին նա այնպես պետք է վերաբերվի, ինչպես Աստվածային արդարությունն է պահանջում: Նա պետք է ձգտի նրան, ինչն ուրիշին հանգստություն է պատճառում: Չէ՞ որ, երբ մեկը, թույլ գտնվելով, սխալ է գործում, ապա նա որոշ կերպով իր մեղքը մեղմելու հանգամանքներ ունի: Սակայն մյուսը, որն ավելի լավ հոգևոր վիճակում է գտնվում և առաջինին ըմբռնումով չի մոտենում, չի զիջում ու օգնում նրան` ավելի մեծ մեղք է գործում: Եթե նույնիսկ հոգևոր մարդիկ ամեն ինչի հանդեպ աշխարհիկ մոտեցում ու մարդկային արդարություն ցուցաբերեն, ապա ինչի՞ դա կհանգեցնի: Կբերի նրան, որ մարդիկ անվերջ կվազեն աշխարհիկ դատարաններով: Ահա սրա պատճառով է, որ մարդիկ տանջվում են:
* Իոաննիս Մակրիյանիս (1797-1864) – Գեներալ-մայոր, Էլլադայի ազգային հերոս: Հունական Հեղափոխության (1821-1830) տարիներին թուրքերի դեմ պայքարի ամենաանձնուրաց մարտիկներից մեկը: Հեղինակը «Հիշողություններ» գրքի, որ պատմում է հեղափոխության և ազատագրական պայքարի մասին: Ի. Մակրիյանիսի կյանքը մի հրաշալի օրինակ է քրիստոնեական անձնազոհ սիրո` առ Աստված, մերձավոր և Հայրենիք:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի