Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։
«Ղարաբաղյան հակամարտության թեման ամբողջությամբ փակված է։ Սա մեծ երջանկություն է»,- ասել է Ալիևը Ղարաբաղում Ֆիզուլիի վերաբնակեցվածների հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը նաև նշել է, որ մտադիր են մինչև 2026 թվականը օկուպացրած Արցախի տարածքում ու հարակից շրջանում, որ կոչում են «Արևելյան Զանգեզուր», վերաբնակեցնել 140 հազար բնակչի։
«Ֆիզուլիի շրջանում մինչև «Մեծ վերադարձ» ծրագրի առաջին փուլի ավարտը կապրի 22 հազար մարդ»,-ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեցին ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել, այսպես կոչված, ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։ Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։