Մերձավոր Արևելքը՝ «պայթյունի» սպասման մեջ․ մարտահրավերները սրվելու են նաև Հայաստանի համար
Վերջին տասնօրյակում աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը եվրոպական տարածաշրջանից և մասնավորապես ուկրաինական պատերազմից, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից, հատկապես` արցախահայության բռնի տեղահանության թեմայից, սահուն անցում կատարեց Մերձավոր Արևելք, որտեղ իրադարձություններն իսրայելապաղեստինյան հակամարտության շուրջ ժամ առ ժամ են զարգանում։
Իրանի քաղաքական ակտիվությունն օրեցօր ավելանում է, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ սրվում։ Եվ ըստ էության հենց Իրանի ուղիղ մասնակցությունն է այս հակամարտության ամենավտանգավոր հանգրվանը դառնալու՝ հանգեցնելով ռեգիոնալ բախումների։ Նախօրեին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Գազայում տիրող իրավիճակն ու Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները․ այս մասին հաղորդել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին.
«Իրանի և Ռուսաստանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցում Ռաիսին նախազգուշացրել է սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման մասին: Նա երկարատև և լայնածավալ պատերազմի պատճառ է համարում պաշարման շարունակությունը, կանանց և երեխաների սպանությունը, Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակումը և իր օրինական կառավարության վրա հարձակումը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցությունը որակել է Իսլամական Հանրապետության մշտական և անշրջելի քաղաքականությունը և հիշեցրել, որ նրանք, ովքեր լռում են Իսրայելի հանցագործությունների մասին, պետք է պատասխան տան իրենց ներկայիս պահվածքի համար Աստծո, իրենց խղճի և պատմության դատարանի առաջ: Ռաիսին խստորեն քննադատել է որոշ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների լռությունը մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք այս օրերին Իսրայելն իրականացնում է Պաղեստինի ժողովրդի դեմ։ «Աստծուն և մարդկային խղճին հավատացողները կամ պատմության իսկությանը հավատացողները, ովքեր լռել են այս օրերին, պետք է իմանան, որ իրենց պահվածքի համար պատասխան կտան Ամենակարող Աստծո, արթնացած խղճի և պատմության դատաստանի առաջ»,- ասել է նա։
Իր հերթին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ եթե այսօր իրենք չաջակցեն Գազային, ապա վաղը դիմավորելու են ֆոսֆորային ռումբերն իրենց հիվանդանոցներում։ Ռուսական Կրեմլինն իր հերթին՝ դիտարկում է արել, որ կա հավանականություն, որ Գազայում պատերազմը կվերաճի տարածաշրջանային պատերազմի։ Զուգահեռաբար սրվում է ԱՄՆ հռետորաբանությունն ընդդեմ ՀԱՄԱՍ-ի աջակիցների և քաղաքական, ռազմական աջակցությունն Իսրայելին։ Բացի այդ, ԱՄՆ-ը սկսում է, բացի Ուկրաինայից, ռազմական աջակցություն տրամադրել Իսրայելին։ Ինչպես գրում են արևմտյան և ամերիկյան լրատվամիջոցները, Իսրայելը Միացյալ Նահանգներից 10 միլիարդ դոլար գումարի արտակարգ օգնություն է խնդրել:
168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ ընդհանրապես այս հակամարտությունն ունի 100-ամյա արմատներ, երբ Բրիտանիան այդ տարածքում տեղակայեց հրեաներին, ժամանակի ընթացքում շատ վայրերից արաբներին քշեցին, որոշ տարածքներ այլ եղանակով՝ գումարով, ձեռք բերեցին, իսկ Հոլոքոստից հետո, ապա Հիտլերից փախչելով՝ ավելի շատ մարդ այդ տարածքներում տեղակայվեց և ձևավորվեց երկու բնակչություն՝ պաղեստինցիները և հրեա տեղահանվածները։
Ըստ նրա, հրեաների բանակի ձևավորումից հետո բռնի տեղահանություն սկսվեց արաբների շրջանում, ապա՝ ճամբարներ Գազայի հատվածում, դրանով ամեն բան չավարտվեց, արաբներին շարունակում էին քշել իրենց տարածքներից, իսրայելցիները մշտապես խոչընդոտում էին Պաղեստին պետության ձևավորմանը։
«Հետագայում բոլոր հակամարտությունների, բախումների հիմքում կրոնն է եղել, հենց այդ պատճառով Ալ-Աքսա մզկիթի հետ կապված են բոլոր բախումները, Իսրայելում քիչ չեն այն մարդիկ, որոնք ցանկանում են երրորդ մզկիթը կառուցել հենց այն տեղում, որտեղ Ալ-Աքսան է, արաբների համար սա կարևորությամբ երրորդ սրբավայրն է, և Ալ-Աքսայի նկատմամբ ոտնձգությունը յուրաքանչյուր արաբի համար լուրջ հարց է, այդ թվում՝ իրանցիների համար։ Իհարկե, շատ երկար կարելի է խոսել պատմության մասին, սակայն ըստ էության շատ բան չի փոխվել, առանցքն այս հակամարտության սա է»,- նշեց վերլուծաբանը։
Ըստ նրա, այսօր Մերձավոր Արևելքում ստեղծվել է հերթական պայթյունավտանգ իրավիճակը, որը կարող է մեկնարկել, երբ Իսրայելը սկսի իր հայտարարած ցամաքային օպերացիան, որի վերաբերյալ արդեն որոշ կողմեր, այդ թվում՝ Իրանը, սուր և կտրուկ հայտարարություններ են արել, խոսել պրեվենտիվ քայլեր ձեռնարկելու մասին։
«Կարելի է ասել, որ այստեղ Իրանի զսպող դերակատարությունը բավականին մեծ է, և Իսրայելը խուսափում է կամ ձգձգում է այդ օպերացիայի մեկնարկը։ Սրան զուգահեռ՝ կա Արևմուտքի աջակցությունը և հայտարարված բավականին հավակնոտ նպատակ՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում։ Առաջիկա օրերն առանցքային նշանակություն ունեն այս իմաստով։ Ինչպես նկատում ենք, Իրանն իր ճնշումները մեծացնում է, որ Իսրայելում հասկանան այդ օպերացիայի բոլոր հետևանքների մասին, իրականում, երբ արձանագրվում է, որ հակամարտությունը կարող է մի քանի ուղղություն ունենալ, հենց սա նկատի ունեն, և հատկապես Իրանի մասնակցությունն այլևս նոր պատերազմ կնշանակի»,- ասաց վերլուծաբանը։
Նրա որակմամբ, ավելորդ է ասել, թե Անդրկովկասի համար այս ամենն ինչ մարտահրավերներ կարող է առաջացնել, հատկապես Հայաստանի համար, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են բացել թուրանական միջանցք ու միանալ իրար։
«Կարծում եմ, եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը պայթի և Անդրկովկասի համար խնդիրներ առաջանան, ապա Իրանն այստեղ ևս բավականին կտրուկ հանդես կգա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է։ Այս իրավիճակում շատ կարևոր է լինելու ձևավորել ճիշտ առանցքներ՝ ըստ շահերի, այլապես Հայաստանը կհայտնվի անվտանգային հերթական ծանր մարտահրավերային իրավիճակում։ Իրանը Հայաստանի հետ ունի լավ համագործակցություն, սակայն ՀՀ-ն համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ, սովորաբար դա ընկալվել է երկու կողմից էլ, սակայն բարդ զարգացումների դեպքում դա հասկանալի չի լինելու, և ինչպես ամեն հարցում՝ ընտրություն կատարելը գուցե անհրաժեշտություն դառնա։ Իսկ այդ ընտրությունը պետք է հաշվի առնի անվտանգությունը։ Իհարկե, Հայաստանի համար սրվելու են քաղաքական, դիվանագիտական, անվտանգային մարտահրավերները, և ՌԴ-ն արդեն նախկինի համեմատ ունի ավելի պակաս ազդեցություն այս փուլում, ուստի պետք է վերադիրքավորումներ և ճկունություն»,- ասաց նա։