Թվերն այն աստիճան խայտառակ են, որ իրեն հարգող անձը թույլ չէր տա այդ արտահայտությունները. Իրավապաշտպանը՝ ժողովրդավարության ու ընտրությունների մասին
Օրերս Տիգրան Ավինյանի երդմնակալությունն էր. նա պաշտոնը ստանձնեց՝ չհաղթահարելով անհրաժեշտ 50 տոկոսի շեմը։ Առհասարակ այս ընտրություններին մասնակցությունն էլ բավականին ցածր էր. 28.5 տոկոս:
Սակայն Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանն իր խոսքում ամենևին չխոսեց այս մասին, հակառակը՝ նկատեց. «Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց: Եվ սա շատ կարևոր արձանագրում է:
Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն անբեկանելի իշխանությամբ օժտելն էր՝ ձևավորելու իշխող ինստիտուտներ և մարմիններ»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով այս հայտարարություններին, շեշտեց. «Ավտորիտար ժողովրդավարությունը, այո՛, անշրջելի է»:
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ միջազգային փորձագետները պարբերաբար նշել են, որ Հայաստանը, առաջին նախագահից սկսած, ունեցել է այս կամ այն ավտորիտարիզմի ձևը:
«Նիկոլ Փաշինյանը վերին աստիճանի հավատարիմ է բոլոր «նախկիններին» և իրենցից էլ անցնում է ավտորիտարիզմի մեջ: Իսկ այդ հայտարարությամբ ուղղակի արժեզրկում է «ժողովրդավարություն» եզրույթը:
Այստեղ որևէ նորություն չկա, հիշեք՝ իրենց առաջին իսկ մուտքը Եվրոպայի խորհուրդ եղել է մեծ- մեծ նկարներ կախելով, այդ թվում՝ իր տիկնոջ լուսանկարը, իր լուսանկարը՝ ձեռքը փաթաթած (նկատի ունի 2019 թվականի ապրիլի 11-ին Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել էին Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն):
Դրանք բոլորն այնքան պրիմիտիվ, մանիպուլյատիվ ձևեր են, որ ես ցավում եմ Հայաստանի հասարակության համար. այնպես չէ, որ շատ պետություններում հասարակությունը կխաբվեր և կտրվեր դրան»,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ հասարակական գիտակցության առումով հանրությունն առայժմ գտնվում է բավականին ցածր մակարդակում, և քանի դեռ ժողովուրդը ձայն է տալիս հայհոյողներին և այլն, լինելու ենք այս իրավիճակում:
«Եվ հետո՝ այդ հայտարարությունը վերին աստիճանի չափազանցություն է նաև այն առումով, որ տոկոսները, որոնք հավաքված են, ամոթալի կհամարեր ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ:
Թվերն այն աստիճան խայտառակ են՝ ոչ միայն տոկոսները, որ հավաքել են, այլև էլեկտորատի ակտիվությունը, որ ցանկացած իրեն փոքր-ինչ հարգող անձ թույլ չէր տա այդ արտահայտությունները»,- ամփոփեց նա: