Մենք արդեն իսկ գործ ունենք 3-րդ համաշխարհային պատերազմի հետ. Սերգեյ Մելքոնյան
Իսրայելապաղեստինյան հակամարտությունը նոր թափով շարունակվում է՝ ռազմական գործողությունների շրջանակ ընդգրկելով նոր տարածքներ և ուժեր:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հոկտեմբերի 7-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին, ավելի քան 1500 զինյալներով ճեղքել էր իսրայելական անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի ու պատերազմի մասին՝ թիրախավորված հարվածներ հասցնելով Գազայի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Արդեն 8 օր շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով՝ Գազան ամբողջությամբ ավերակների է վերածվել:
Գազայի լիակատար պաշարման ֆոնին, իսրայելական կողմը դադարեցրել է նաև դեպի բնակավայր մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ պարագաների մուտքը:
Գազայում դեռևս մնացած խաղաղ բնակչությանը թիրախավորելու իսրայելական գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես եկան աշխարհի մի շարք երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ՝ կոչ անելով չգնալ հումանիտար աղետի ստեղծման ճանապարհով ու չհատել պատերազմական գործողությունների իրականացման «կարմիր գծերը»:
Այս ֆոնին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Human Rights Watch» միջազգային մարդասիրական կազմակերպությունն Իսրայելին մեղադրեց Գազայում և Լիբանանում հոկտեմբերի 10-ին և 11-ին իրականացված ռազմական գործողությունների ժամանակ սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ՝ հայտնելով, որ դա հակասում է մարդասիրական բոլոր նորմերին: Իսկ Amnesty International-ը հայտարարեց Իսրայելի կողմից քիմիական զենք կիրառելու տեղեկությունների ուղղությամբ հետաքննության մեկնարկի մասին:
Միևնույն ժամանակ, Իսրայելական պաշտպանության բանակը Գազայի բնակիչներին կոչ արեց հեռանալ Գազայի տարածքից՝ հարվածներ հասցնելով ՀԱՄԱՍ-ի ավելի քան 750 ռազմական օբյեկտների ու նստավայրերի ուղղությամբ:
Իսրայելական կողմը թիրախավորել է նաև Գազայում գտնվող՝ ավելի քան 2500 բնակելի շենք ու շինություն, ինչպես նաև 88 կրթական հաստատություններ: Այս պահին էլ Գազայի փլատակներում շարունակում են մարդիկ մնալ:
Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, հասնում է 1550-ի, նրանց թվում՝ 500-ը երեխաներ են, 280-ը՝ կանայք: Ավելի քան 200.000 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը:
Իր հերթին, Իսրայելական կողմը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի կողմից իր 120 իսրայելցի քաղաքացիական անձանց գերեվարելու մասին:
Այս ֆոնին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցող հայտարարություններով էր հանդես գալիս նաև Իրանը: Անցած օրերի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հանդիպումներ էր ունեցել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական Ջիհադ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նա Իսրայելին մեղադրել էր «պատերազմական հանցագործությունների» մեջ՝ հայտարարելով, որ դրանք դադարեցնելու նպատակով չի բացառում նաև նոր ճակատների ներգրավումը գործողություններում:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է իր դիվանագիտական ջանքերը՝ Պաղեստինի ժողովրդին սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններից պաշտպանելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հայտարարեց Իսրայելի դեմ պատերազմում ՀԱՄԱՍ-ին միանալու իր պատրաստականության մասին:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածն ու Իսրայելը հակամարտության մեջ մտան դեռևս 2005 թվականի իրադարձություններից հետո: Այդ ժամանակ Իսրայելը դուրս էր բերել իր զորքերը Գազայի հատվածից: Իսկ 2006 թվականին ընտրություններում հաղթած ՀԱՄԱՍ-ն իր վերահսկողության ներքո էր վերցրել Գազայի հատվածը: Այդ ժամանակից ի վեր Գազայի հատվածը և Իսրայելը երկարատև հակամարտության մեջ են։ Դա հանգեցրեց 2007 թվականին ՀԱՄԱՍ-ի և «Ֆաթհ» կոչվող մեկ այլ պաղեստինյան խմբավորման միջև կռվի, ինչպես նաև Գազա-Իսրայել հակամարտության։
Թե իսրայելապաղեստինյան շարունակվող պատերազմի ծավալները հետագայում որքան կարող են մեծանալ և նոր երկրներ ներգրավել ռազմական գործողությունների մեջ, ըստ մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի՝ կախված է նրանից, թե այդ ուժերից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ պահել իր իսկ կողմից հայտարարված «կարմիր գծերը»:
168.am-ի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ լայնածավալ ցամաքային հարձակման նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, մի շարք ուժեր ու հատկապես լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, հայտարարեցին, որ դա իրենց համար «կարմիր գիծ» է: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը «կարմիր գիծ» սահմանեց այլ կազմակերպությունների ու պետությունների կողմից ներխուժման ցանկացած փորձ:
Այսինքն, ըստ Մելքոնյանի, հետագա բոլոր իրադարձությունները միմյանց հետ փոխկապակցված են ու կախված են կողմերի հստակ որոշումներից:
«Իսրայելը կարող է սկսել իր ցամաքային հարձակումը, «Հըզբոլլահ»-ը կարող է նոր ճակատ բացել հյուսիսում: Եթե դա տեղի ունենա, ապա կախված կլինի, թե որքանով ԱՄՆ-ը պատրաստ կլինի հարվածել «Հըզբոլլահ»-ի դիրքերին՝ Լիբանանի հարավում: Այդպես ալիքը կարող է մեծանալ ու հասնել մինչև Իրաք, որտեղ և՛ ԱՄՆ-ը, և՛ Իսրայելն ունեն իրենց դիրքերը, որոնք նաև թիրախավորելու պատրաստակամության մասին հայտարարել էր ինչպես «Հըզբոլլահ»-ը, այնպես էլ այլ կազմակերպություններ»,- ասաց իսրայելագետը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարող ենք գործ ունենալ 3-րդ համաշխարհային պատերազմի հետ, Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ այն փաստացիորեն արդեն իսկ մեկնարկել է:
«Ինչպես տեսնում եք՝ աշխարհը պառակտված է: Խոսքը, ընդ որում, վերաբերում է ո՛չ միայն ռուս-ուկրաինական պատերազմին, այլև այս իրավիճակին: Կա փաստացի երկու դաշինք: Հավաքական Արևմուտքն աջակցում է Իսրայելին, իսկ մնացած աշխարհը կա՛մ աջակցում է պաղեստինցիներին, կա՛մ հանդես է գալիս չեզոք դիրքերից: Փաստացի այդ պատերազմն արդեն իսկ ընթանում է, ու նոր ճակատներ կարող են բացվել նաև Թայվանում ու այլ տեղերում»,- կանխատեսեց Սերգեյ Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է այս գործողություններին Իրանի ուղղակի մասնակցությանն ու տարածաշրջանում հնարավոր զարգացումներին՝ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ-ն տեղի ունեցող գործընթացներին մասնակցում է անուղղակի ձևով, և ուղիղ միջամտության կարիք, որպես այդպիսին, չկա:
Նրա խոսքով՝ Իրանն ունակ է գործել Իսրայելի դեմ՝ ինչպես Լիբանանից, Սիրիայից, այնպես էլ՝ իրադարձությունների առավել սրման դեպքում, նաև՝ Իրաքի տարածքից:
«Այս դեպքում կարիք չկա, որ Իրանն ուղիղ հարված հասցնի Իսրայելին: Այլ հարց է, որ իրենք փորձեն ճակատ բացել Իրանի դեմ՝ մեր տարածաշրջանում:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայությանը՝ իրենք այնտեղ բավարար ուժեր չունեն, որ ուղղակի Իրանի դեմ ճակատ բացեն: Առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ՝ լարվածության կենտրոն կարող է ստեղծվել Իրանի սահմանի մոտ ու այդքանով ավարտվել»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:
Նազելի Ստեփանյան