Երաժշտությունը նաև ցավը կիսելու, զրուցելու, վերքերն ամոքելու միջոց է. «Նեմրա»
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով «Նեմրա» ռոք խումբը հոկտեմբերի 27-ին «Մեցցո» ակումբում հանդես կգա բարեգործական համերգով: Երեկոյին հնչելու է ավելի քան քսան երգ՝ ակուստիկ ձևաչափով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Նեմրա»-ի վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը խոստովանում է՝ դժվար էր համերգով հանդես գալու որոշում կայացնել, որովհետև բեմ բարձրանալու ցանկություն չունեին:
«Դադարները, որ անընդհատ լինում են, ճնշող են: Երաժիշտները զգացմունքային մարդիկ են. ինչ-որ պահի ոգևորվում են, մտածում, որ կարելի է հետևում թողնել բացասականն ու շարունակել գործունեությունը, և կրկին կրակոցներ… Ու մենք նորից փակվում ենք տներում, մի բան կոտրվում է, սակայն կրկին ստեղծագործելու ուժ ենք գտնում: Այս անգամ վերադառնալն ավելի կարևոր նպատակի համար էր՝ բարեգործության»,-ասում է երաժիշտն ու հավելում՝ հույս ունեն, ինչ-որ կերպ թեթևացնել մեկ կամ մի քանի ընտանիքի հոգսը:
Վան Եղիազարյանը կարծում է՝ երաժշտությունը, արվեստը բուժող հատկություն ունեն, կարող են մարդուն սփոփել անգամ ամենածանր իրավիճակներում: Ըստ նրա՝ Հայաստանում արվեստի, հատկապես՝ երաժշտության վերաբերյալ ընկալումները տարբեր են:
«Երաժշտությանը տարիներ շարունակ վերաբերվել են որպես քեֆի, ուրախության անբաժան մասի: Հաճախ մեր երկրում կա՛մ դասական երաժշտություն է, կա՛մ ռաբիս. ռոքը, ջազը և այլ ուղղություններ քչերին են հետաքրքրում, և երբ խոսում ես համերգի մասին, այն ասոցացնում են քեֆի, ուրախության հետ և բացասական են տրամադրվում, ինչի համար ցավում եմ»,-նշում է վոկալիստը: Նա երաժշտությունը նաև ցավը կիսելու, զրուցելու, վերքերն ամոքելու միջոց է համարում:
«Նեմրա»-ն հաճախ է համերգներով ներկայանում Հայաստանում, արտերկրում: Բազմազան երգացանկի շնորհիվ խումբը բազմաշերտ լսարան ունի: Վանի հավաստիացմամբ՝ «Նեմրա»-ն և ունկնդիրը հաշտ են և լավ են հասկանում միմյանց:
Խումբը ցանկանում է, որ երաժշտասերների մեծ մասը համերգների այցելելու մշակույթ ունենա:
«Այդ մշակույթի ձևավորումը նաև պետական մտածողության հարց է: Ես միշտ ասել եմ, որ մշակույթը պետք է պետության կարևորագույն հիմքերից մեկը լինի, սակայն ծնվածս օրից մինչ այսօր չեմ տեսել, որ մշակույթը պետության առաջնային ծրագրերում լինի, ուստի զարմանալի չէ, որ ցրված, առանց նպատակի, արժեքների առումով չկողմնորոշված հասարակություն կա»,-շեշտում է երաժիշտը:
Խոսելով հայրենասիրության մասին՝ Վանը նշում է՝ այն միայն հողը չէ. հայրենասիրությունը և՛ երկրի ֆիզիկական տարածքն է, և՛ մշակույթը:
«Կարևոր է նաև արտիստի մտածելակերպը: Իմ երգերի մեծ մասն անգլերեն է, բայց չի բացառվում, որ ես շատ ավելի հայրենասեր եմ, քան հայերեն երգող շատերը: Այն մշակութային գործիչները, որոնք ունեն արժեհամակարգ, որոնք կարող են ազդեցություն ունենալ լսարանի վրա, պետք է առանձնահատուկ մոտեցման արժանանան՝ անկախ այն ժանրից, որում ստեղծագործում են: Պետությունը պետք է հստակ որոշի, թե ինչ քաղաքացի է ուզում ունենալ, և աջակցի արտիստներին, որոնք կարող են մշակույթի միջոցով կրթված հասարակություն ձևավորել»,-շեշտում է Վանը:
«Նեմրա»-ի հարուստ երգացանկում երգեր են բնության, սիրո, տարերային աղետների, անհատի և տարբեր երևույթների մասին, սակայն հենց հայրենիքին նվիրված ստեղծագործություն չկա:
«Մենք բնության, բնապահպանության մասին երգ ենք գրել, և, ապրելով Հայաստանում, այն համարում եմ հայրենասիրական երգ: Պարտադիր չէ նշել «Հայաստան» բառը: Մենք ապրում ենք Հայաստանում, այս իրականությունում, հետևաբար՝ մեր բոլոր երգերն անմիջական կապ ունեն մեր երկրի հետ: Հայրենասիրության մասին Հայաստանում այդքան երգելն ինձ միշտ կեղծ է թվացել: Սիրո մասին գրել եմ ու դրա մեջ հայրենասիրություն եմ տեսնում, մեր խմբի գործունեության մեջ եմ հայրենասիրություն տեսնում: Մենք մեր աշխատանքով ենք արտահայտում հայրենասիրությունը, ոչ թե երգերի թեմաներով»,-ասում է երաժիշտը, որն արվեստում չի հանդուրժում ագրեսիան՝ սպանություն, զենք, արյուն, եթե անգամ այդ ամենի հիմքում սերն է հայրենիքի նկատմամբ:
Նա չի ընդունում սիրո նման դրսևորումները: Ըստ Վանի՝ մշակույթը միայն գեղեցիկ կամ բարի երևույթների մասին չէ, սակայն անգամ բողոքը, ցասումը, զայրույթը պետք է գեղագիտորեն, պոետիկ մատուցել:
«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին: Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Անժելա Համբարձումյան