BBC-ի լրագրողը չի կարողացել զսպել արցունքները՝ տեսնելով Գազայի հիվանդանոցում տիրող իրավիճակը
BBC-ի լրագրողը չի կարողացել զսպել արցունքները՝ Իսրայելի ավիահարվածների տակ գտնվող Գազայի հատվածի «Ալ Շիֆա» հիվանդանոցից ռեպորտաժ վարելու ընթացքում, գրում է Daily Mail-ը:
BBC Arabic-ի լրագրող Ադնան էլ Բուրշը, ի վիճակի չլինելով զսպել հուզմունքը, ծնկի է իջել, հանել ակնոցն ու արտասվել: Տղամարդու խոսքով՝ ինքը տեսել է այնպիսի բաներ, որոնք այլևս չի կարող ջնջել:
Էլ Բուրշը, նրա օպերատոր Մահմուդ ալ Աջրամին, որը ևս արտասվել է, տեղեկացել են, որ իրենց ընկերները, բարեկամներն ու հարևանները վիրավորների ու զոհերի մեջ են:
Լրագրողի խոսքով՝ հիվանդանոցում և շենքից դուրս դիերն ամենուր են: Միջանցքներում հարյուրավոր ծանր վիրավորներ են:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Գազայի հատվածի հյուսիսից մարդկանց` 24 ժամում հեռանալու վերաբերյալ Իսրայելի հրամանն անիրագործելի է. 1,1 միլիոն մարդ 24 ժամում չի կարող լքել տները։ ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին հետ կանչել հրամանը՝ ընդգծելով, դա կհանգեցնի աղետի:
ՄԱԿ-ն ընդգծել է, որ Իսրայելի հրամանը վերաբերում է բոլորին, ներառյալ մարդկանց, որոնք ապաստան են ստացել ՄԱԿ-ի հաստատություններում, ինչպիսիք են դպրոցները և առողջապահական կենտրոնները:
Իրավիճակը բարդացրել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարման ներքո գտնվող Գազայի ՆԳՆ-ի պատասխանը։ Այն կոչ է անում մարդկանց չլքել տները, չարձագանքել Իսրայելի հրամանին՝ այն անվանելով «հոգեբանական պատերազմ», մինչդեռ իսրայելցիներն պաղեստինցիներին ասում են՝ «հեռացեք՝ կյանքներդ փրկելու համար»:
Տարածքի խաղաղ բնակիչները հայտնվել են մի իրավիճակում, երբ Իսրայելը մի կողմից զգուշացնում է, որ ցամաքային հարձակում է նախապատրաստում Գազայի հատվածում, իսկ մյուս կողմից՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում մարդկանց անտեսել այն: