Նարեկ Մալյանին մեկուսացնում են պրոցեսներից, քանի որ նա կարող է փոփոխություն մտցնել. Աղասի Ենոքյան. Аnalitik.am

Аnalitik.am-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Ենոքյան, հավանաբար հետևում եք Հայաստանում կատարվող իրադարձություններին, և տեղյակ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում. Մարդկանց կալանավորում են քաղաքական հայացքների, կարծիք արտահայտելու համար. ի՞նչ կապ ունի այս ամենը ժողովրդավարության հետ:

-Վաղուց է Հայաստանում մեռել ժողովրդավարությունը։ Հայաստանում հիմա ժողովրդավարությունն անխղճորեն բռնաբարվում է, հիմա խոսքի ազատությունից կամ ժողովրդի կամարտահայտությունից կարող է խոսել միայն ծայրահեղ ցինիկը։ Խորհրդանշական է, որ վերջին հարցազրույցում Նիկոլը, աչքերը լայն բացված, հենց ժողովրդավարությամբ բացատրեց այն, որ ընդամենը 9 % հավաքած իր թիմը վերատիրեց քաղաքապետի պաշտոնին, մինչդեռ ողջ երկիրն է ականատես, թե ինչպիսի խայտառակ մանիպուլյացիաներով նրանք հասան դրան։

Այնպես, որ, եկեք դադարենք այդ արժեզրկված տերմիններն օգտագործելը և խոսենք ռեալ պրոցեսներից։

-Խոսենք ռեալ պրոցեսներից. Այսօր անազատության մեջ են Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Գրիգորի Խաչատուրովը, Արմեն Աշոտյանը և մի շարք այլ քաղաքացիներ։ Այս մարդիկ քաղբանտարկյալնե՞ր են: Մի՞թե ժողովրդավարության արժեքների վրա այդքան դողացող Արևմուտքը, ԱՄՆ-ն չեն նկատում, որ Հայաստանում կոպտորեն ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները:

-Հիմա Հայաստանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան երբևէ եղել է, իսկ Արևմուտքը լռում է այդ առթիվ, ինչի պատճառները շատ-շատ են. Նախևառաջ՝ Արևմուտքն այժմ խիստ զբաղված է Ուկրաինայով, իսկ հիմա դրան ավելացան նաև զարգացումները Իսրայելում։ Հետո՝ Հայաստանում ընթանում են շատ ավելի կարևոր պրոցեսներ, քան քաղբանտարկյալներն են՝ սկսած նրանից, որ դեռ չեն վերացել պատերազմի հետևանքները, Արցախը հայաթափվել է, իսկ հիմա էլ Նիկոլն ուզում է թուրքերին հանձնել ինչ-որ անկլավներ ու միջանցքներ, իսկ Արևմուտքը փորձում է ռուս-թուրքական այդ նախագծերի մեջ իր ձայնը լսելի դարձնել, ու էլի չի հաջողում։ Եվ, ի վերջո, եկեք խոստովանենք, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվել անհրաժեշտ հնչեղություն հաղորդել քաղբանտարկյալների հարցին այնպես, որ այն ամենօրյա ռեժիմով լսելի լինի արևմտյան հանրության համար։

-Պարոն Ենոքյան, խոսենք մի փոքր Նարեկ Մալյանի դեպքից, նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, հետո կալանավորեց, ապա նաև զրկեց արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից այն օրերին, երբ Երևանում ակտիվ ակցիաներ էին սկսվել` կապված Արցախի հանձնման ու արցախցիների բռնի տեղահանման հետ։ Սա պատահականությո՞ւն է, եթե հաշվի առնենք այն, որ Մալյանն ունակ է իր շուրջը հավաքել մարդկանց ու հասնել կոնկրետ արդյունքի՝ չմոռանանք Մալյանի նախկինում հաջողված պայքարի օրինակները:

-Հետաքրքիրն այն է, այդ հանրահավաքների ժամանակ բերման ենթարկվեցին նաև հավաքների պաշտոնական կազմակերպիչները, սակայն մի քանի ժամ անց նրանք ազատ արձակվեցին։ Թերևս, իշխանությունները շատ արագ հասկացան, որ այդ մարդկանցից իրենց ռեժիմին իրական վտանգ չի սպառնում։ Ավելին՝ նրանք ընկալում են, որ այս կերպ անցկացված հանրահավաքներն արագ ցրվելու են, դրանով բաց թողնելով առավել ոգևորված հանրային էլէմենտների փուքսը և ավելացնելով հիասթափությունը նրանցից, ովքեր հայտարարում են, թե իշխանություն են փոխելու։ Այսինքն՝ այս մարդիկ նպաստում են ռեժիմի ամրացմանը։

Մինչդեռ, Նարեկի պարագան այլ է, Նարեկը ցույց է տվել, որ ինքը կարող է փոփոխություն մտցնել, և իշխանությունները համարում են, որ նրան ազատության մեջ թողնելը կարող է իրենց համար որոշակի վտանգ ստեղծել։

-Առհասարակ տպավորություն կա, որ Փաշինյանը չի հանդուրժում որևէ մեկին, ով խոսում ու գործում է իր իշխանության դեմ ու կարող է գեներացնել իրական պայքար, այլ ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծել։ Կարծես առաջինը հենց այդ մարդիկ են հայտնվում նրա թիրախում ու ինչ֊որ շինծու քրեական գործերով ձերբակալվում։ Դուք Փաշինյանին ճանաչում եք, սա ի՞նչ է՝ կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը վախեցած է կոնկրետ և օրինական գործողությունների ունակ, պատրաստ մարդկանցից:

-Նիկոլը քանիցս վերաձևակերպված կրկնել է Ստալինի խոսքերը․ «Был бы человек, статья всегда найдется», այսինքն՝ նրա համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ակտիվ քաղաքական և հանրային գործիչներին ինչ արարքներ կմեղսագրվեն, դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք էլ պետք է հնարեն ու կարեն այդ մեղադրանքները։ Ընդհանրապես, ձերբակալությունները դարձել են Հայաստանի ներկա ռեժիմի կառավարման գործիքներից մեկը։ Հայտնի են դեպքեր, երբ Նիկոլը պաշտոնազրկել է նախարարների, քանի որ նրանք չեն կարողացել հասնել իր նշած մարդկանց աշխատանքից ազատելուն կամ ձերբակալմանը։

Քաղաքական գործիչներին ձերբակալելուց Նիկոլն ունի երեք սկզբունք․ առաջին՝ նա պետք է լինի բավականին հնչեղ անուն, ոչ միայն որպեսզի հասարակությունն իմանա, որ չկա մեկը, ով կարող է խուսափել Նիկոլի «ահեղ սրից», այլև, որ բոլորն էլ իմանան, որ իրենք էլ պոտենցիալ քաղբանտարկյալ են, երկրորդ՝ պետք է մեղսագրվող արարքը լինի հնարավորինս անհեթեթ, որպեսզի բոլորը հասկանան, թե կարևորը ոչ թե այն է, թե ինչ ես դու արել, այլ՝ թե ով ես դու, և երրորդ՝ ձերբակալվում են մարդիկ, ովքեր ունակ են, ովքեր կարող են ինչ-որ բան փոխել։ Նարեկի դեպքում պետք է նկատենք, որ նա համապատասխանում է վերը նշված բոլոր պահանջներին։

-Նարեկ Մալյանի ողջ գործունեությունը փաստում է, որ հաստատ կալանքով ոչ կարող են լռեցնել Մալյանին, ոչ էլ վախեցնել, հետևաբար ստացվում է, որ նրան կալանքի տակ պահելով այլոց են փորձում վախեցնե՞լ, թե ի՞նչ:

Նարեկ Մալյանի դեպքում ոչ միայն այլոց են փորձում լռեցնել, ինչի մասին արդեն խոսեցինք, այլև կոնկրետ իրեն են այս ընթացքում մեկուսացնում պրոցեսներից, քանի որ նա կարող է փոփոխություն մտցնել։

Տեսանյութեր

Լրահոս