«Հայաստանը չի բռնել ժողովրդավարության քննությունը». Նարինե Մկրտչյան. Aravot.am
Օրերս կայացավ ՄԱԱ նախագահ, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Նարինե Մկրտչյանի «Ամերիկյան գործոնը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարության աջակցության գործընթացներում» գրքի շնորհանդեսը: Հեղինակը այն նվիրել է ամուսնու՝ Արամ Մայիլյանի հիշատակին, ինչպես ինքն է ասում՝ ազատության եւ ժողովրդավարության արժեքների հանդեպ նրա անանց հավատին և աննկուն պայքարին:
Նարինե Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մենագրության առանցքային մասերում քննության են առնվում ԱՄՆ աջակցության ծրագրերը Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդավարությանը՝ համեմատական քաղաքագիտական մեթոդի կիրառմամբ վեր հանելով այդ աջակցության հասարակական-քաղաքական արդյունքները։ Ըստ նրա, մենագրությունն անդրադառնում է Հայաստանում և Վրաստանում ժողովրդավարության կայացման խոչընդոտներին, հասարակական-քաղաքական իրական արդյունքներին ամերիկյան գործոնի կայացման ընդգրկուն համատեքստում։ Քանի որ հետազոտվող ժամանակահատվածն ընդգրկում է մինչև 2018 թ. թավշյա հեղափոխությունը, ըստ այդմ՝ մենագրությունը չի անդրադառնում հետհեղափոխական ժամանակահատվածին։ «Հետխորհրդային ժամանակաշրջանում սկիզբ առած համակարգային փոփոխությունները, անցումային ժողովրդավարության բարդ ընթացքը, իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը, ռազմական բախումները, հին և նոր քաղաքական էլիտայի անկարողությունը և նրա վերասերումը նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների կանգնեցրին քաղաքական արմատական նոր փոփոխությունների իրականացման անխուսափելիության առջև: Մի շարք դեպքերում այդ փոփոխությունները հանգեցրին հեղափոխությունների: Այսօրինակ իրավիճակը դիտարժան է հատկապես Հարավային Կովկասի երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Վրաստանի դեպքերում: Երկու պետություններում տեղի ունեցած թավշյա հեղափոխություններն էապես ազդեցին թե՛ ներհասարակական-ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների վրա՝ մեծապես պայմանավորելով այդ զարգացումների ուղղությունը:
ԽՍՀՄ փլուզումից 13 տարի անց Վրաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը թե՛ երկրում, թե՛ տարածաշրջանում առաջ բերեց նոր քաղաքական իրավիճակ՝ սկիզբ դնելով արագընթաց փոփոխությունների: Հետխորհրդային Հայաստանում հեղափոխության մի քանի փորձերը ձախողվեցին՝ հաղթանակ արձանագրելով միայն 2018 թ. ապրիլին: Հայկական երկու թավշյա հեղափոխությունները՝ 1988 թ. փետրվարին սկզբնավորված Ղարաբաղյան շարժումը եւ 2018 թ. ապրիլյան հեղափոխությունները, ավարտվեցին հաղթանակով՝ երկիրը կանգնեցնելով քաղաքական և համակարգային փոփոխությունների հրամայականի առջև: Հայկական առաջին թավշյա հեղափոխությունը՝ Ղարաբաղյան շարժումը, պատմաքաղաքական մեծ ձեռքբերումներ և արդյունքներ ունեցավ՝ Հայաստանի անկախացումը և Ղարաբաղի ազատագրումը: 2018 թ. Նիկոլ Փաշինյանի գլխավորած ապրիլյան հեղափոխությունը Հայաստանում հնարավոր դարձրեց իշխանափոխությունը եւ ազատ, օրինական ընտրությունների վերականգնումը, սակայն 2020 թ. ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց վերահսկողությունը Ղարաբաղի տարածքների մեծ մասի վրա, ինչպես նաև լուրջ սպառնալիքների տակ հայտնվեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը… Միաժամանակ հարկ է նշել, որ հետհեղափոխական Հայաստանում ամերիկյան գործոնը ուշագրավ փոփոխություններ է կրել: ԱՄՆ-ն շարունակել է իր հանձնառությունը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարացման, արդար կառավարման, կոռուպցիայի հաղթահարման, անվտանգության ապահովման և կարևոր այլ ոլորտներում: Հարավկովկասյան երկու պետությունները՝ Հայաստանը և Վրաստանը, ինչպես աշխարհի զգալի մասը, վերջին մի քանի տարիների ընթացքում հայտնվեցին Քովիդի համաճարակի, ռուս-ուկրաինական պատերազմի, աշխարհաքաղաքական բարդ և տագնապալի փոփոխությունների հարահոսում: Իրադարձությունների արագընթաց զարգացումները և փոփոխվող աշխարհակարգը, տարածաշրջանում ընթացող թե՛ ռազմական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ քաղաքակրթական բախումները շարունակ փոփոխությունների են ենթարկում թե՛ պետությունների ներսում, թե՛ նրանց շուրջ ընթացող իրողությունները՝ հաճախ անկառավարելիություն և անկանխատեսելիություն հաղորդելով տարածաշրջանային զարգացումներին: Աշխարհաքաղաքական առկա և նոր փոփոխությունները կարող են հանգեցնել Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ ներգրավվածության ընդլայնմանը և ամերիկյան գործոնի աճին»,- գրում է հեղինակը: «Չնայած այս բարդ իրավիճակին, պատերազմներին, թվում է թե ժողովրդավարությունը նվազ կարեւոր է, բայց իրականում ժողովրդավարությունն անվտանգության կարեւոր բաղադրիչն է: Աշխարհաքաղաքական այս բարդ իրողությունների պայմաններում, փլուզվող աշխարհակարգի պայմաններում երկու փոքրիկ պետություններ՝ Հայաստանը ու Վրաստանը նույնպես հայտնվել են այդ իրադարձությունների համատեքստում, եւ պետք է դիմակայեն: Այս առումով երկու պետությունների ժողովրդավարության կայացման խոչընդոտների եւ արդյունքների ամփոփումը շատ կարեւոր է»,- Aravot.am-ին ասաց մեր զրուցակիցը:
Նաեւ հավելեց, որ այս մենագրության մեջ առաջին անգամ համակարգված հետազոտության են ենթարկվում Հայաստանին եւ Վրաստանին ցուցաբերված Ամերիկյան աջակցության ծրագրերը: Հարցրինք՝ եթե 2018-ից հետո արվեր ուսումնասիրությունը, մենագրության մեջ ինչ կարեւոր շեշտադրումներ կլինեին: ՄԱԱ նախագահն ասաց, որ առաջիկայում նախատեսում է զբաղվել նման ուսումնասիրությամբ: Ապա հավելեց. «Թե 2018-ից առաջ, թե հիմա հիմնական եզրահանգումը այն է, որ Հայաստանը չի բռնել ժողովրդավարության քննությունը, երկրորդ հանգամանքն այն է, որ ամերիկյան կանխատեսումները Հայաստանում ժողովրդավարության կայացման վերաբերյալ, հիմնականում չեն իրականացել»: Ուսումնասիրության հեղինակն ասաց նաեւ, որ ժողովրդավարության կայացման առումով ներկայումս իրավիճակը Հայաստանում այլ է Վրաստանի համեմատ եւ որ ժողովրդավարության կայացման խոչընդոտները Հայաստանում էապես նվազեցնում են Հայաստանի զարգացման հնարավորությունները: Այդ խոչընդոտները, ի թիվս այլնի, ըստ Նարինե Մկրտչյանի հետեւյալներն են՝ ազատ ընտրական համակարգի չկայացվածությունը, հասարակության՝ իշխանափոխության իրականացման սահմանափակ հնարավորությունները, իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը, անարդար եւ կախյալ դատական համակարգը, սահմանադրական արդարադատության բացակայությունը, օրենքի գերակայության բացակայությունը, օրենքի առջև քաղաքացիների անհավասարությունը, կուսակցությունների չկայացածությունը, հանրային ցածր վստահությունը դրանց հանդեպ, հեռարձակվող ԶԼՄ-ների վերահսկումն իշխանությունների կողմից, քաղաքացիական թույլ ինստիտուտները, համակարգային կոռուպցիան, դեպի Մոսկվա ուղղված՝ ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը, Հայաստանում ռուսական գործոնի աճը, ՀՀ կախվածությունը Մոսկվայից, ռուսամետ քարոզչությունը: Նարինե Մկրտչյանն ընդգծում է՝ Ամերիկյան օգնության ծրագրերի մոտ 70 տոկոսը Հայաստանում տապալվել է, ամերիկյան ֆինանսավորումը հայկական ժողովրդավարությանն ապարդյուն է անցել եւ ժողովրդավարական Հայաստանը չի կայացել: Իսկ ինչ վերաբերվում է Վրաստանին, հեղինակի խոսքով, Վրաստանի ժողովրդավարական հաստատություններին ամերիկյան աջակցության ծավալները XX դարի 90-ական թթ. Հայաստանի հատկացումների համեմատ փոքր են եղել, սակայն այդ աջակցությունը սկսել է աճել 1997 թվականից հետո եւ կտրուկ աճել է Վրաստանի «վարդերի հեղափոխությունից» հետո: Նարինե Մկրտչյանը գրքում փաստում է,որ 2003 թվականից ի վեր Վրաստանին թե՛ ԱՄՆ աջակցության աճն է զգալի եղել, թե՛ այդ երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացման արդյունավետությունն է շոշափելի եղել: Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը զգալի առաջընթաց է ապահովել նաև ժողովրդավարական հաստատությունների կայացմանը խոչընդոտող կոռուպցիայի հաղթահարման գործում, ինչի վկայությունն են «Transparency international» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տարեկան զեկույցները. «Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանի դեպքում վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնացել, մինչդեռ Վրաստանը տարեցտարի բարելավվել է իր դիրքերը կոռուպցիայի հաղթահարման առումով: Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարացման գործընթացի արդյունքները նկատելիորեն եւ արագորեն տարբերում են միմյանց, ինչը վկայում է Վրաստանում ժողովրդավարական հիմնական հաստատությունների՝ ազատ ընտրական համակարգի և ազատ ու բազմակարծիք մամուլի կայացման մասին, որոնք էլ ժողովրդավարության առանցքն են, եւ առանց որոնց անհնար է ժողովրդավարական մյուս հաստատությունների արդյունավետ կայացումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ