Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձ է արվում. Լավրով
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում նա ասել էր` Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել։
Ռուսաստանն արձանագրում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձեր են արվում։ Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարի խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես նշել է նախարարը, հակառուսական տրամադրությունների սրումը որոշ դեպքերում արհեստականորեն է արվում։
«Մենք գիտենք, թե վերջին տարիներին որքան հասարակական կազմակերպություն է ստեղծվել Հայաստանում։ Այո՛, նախկինում էլ դրանք քիչ չէին։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը՝ դրանց նպատակն է հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվել Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերի առաջմղմանը»,- ասել է Լավրովը։
Նրա կարծիքով` այդ փորձերը որոշ արդյունքների հասնում են, բայց Ռուսաստանը խորապես համոզված է, որ հայ ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է ՌԴ–ի հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ։ Լավրովը միևնույն ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում նա ասել էր, թե Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել: Մոսկվան հուսով է, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ տանելու փորձերին։