 
                        ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 200 մլն դոլարի օգնության նոր փաթեթ
 
                                    Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 200 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք և հրթիռներ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Ուկրաինայի աջակցության շփման խմբի հանդիպմանը։
«Ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն հայտարարում է Ուկրաինային 200 միլիոն դոլարի չափով պաշտպանական օգնության նոր փաթեթի մասին», – Օսթինի խոսքերն է մեջբերում Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ օգնության նոր փաթեթը կներառի AIM-9M հրթիռներ հակաօդային պաշտպանության համար, հրետանային զինամթերք, բարձր ճշգրտության զինամթերք, միջոցներ անօդաչուների դեմ պայքարի համար և հակատանկային միջոցներ։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված ընդհանուր ռազմական օգնությունն, այսպիսով, կկազմի 43,9 միլիարդ դոլար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        