Խաչի լեռնանցքը և Լարսի անցակետը փակ են բեռնատարների համար՝ ձյան տեղումների պատճառով. քանի մեքենա է դուրս եկել ՀՀ-ից
Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով մերկասառույց է առաջացել, ճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմից եկողներին թույլ չեն տալիս մտնել Վրաստան Խաչի լեռնանցքի հատվածում կուտակումներից խուսափելու համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Խաչի լեռնանցքում հոկտեմբերի 10-ի երեկոյան առատ ձյուն է տեղացել, արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը վտանգավոր է բեռնված բեռնատարների համար: Այդ պատճառով տեղի ժամանակով 23:00-ին ճանապարհը փակել են բեռնատարների համար: Հիմա ավազ և աղ են լցնում, որ մերկասառույցը հալվի, և վերականգնվի»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է:
Թե երբ կբացվի ճանապարհը բեռնատարների համար, դժվար է ասել, կախված է նաև եղանակից: Մաքսային կցորդի խոսքով՝ եթե մերկասառույցը հալվի, նոր տեղումներ չլինեն, ճանապարհը կբացվի: Այս պահին Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:
Խաչի լեռնանցքն արդեն իսկ անցածների համար Լարսի անցակետը բաց է: Սակայն ռուսական կողմից եկող բեռնատարներին թույլ չեն տալիս մտնել Վրաստան, քանի որ դրանք գնալու են, և Խաչի լեռնանցքում կուտակումներ են լինելու:
Հակոբյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանից դուրս է եկել մոտ 350 բեռնատար և դեռ ռուսական անցակետում ձևակերպումները չի ավարտել: Սակայն դժվար է ասել, թե դրանք այս պահին որ մասում են՝ Խաչի լեռնանցք հասե՞լ են, Թբիլիսո՞ւմ են, թե՞ արդեն Լարսում են, սակայն ձևակերպում չեն անցել:
Աննա Գրիգորյան