«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ հայատյաց քաղաքականությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս մասին Միությունը հայտարարություն է տարածել։

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարրատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս գործելակերպը, ցավոք, բնորոշ է ադրբեջանական պետական մարմիններին՝ դրանց ստեղծման օրից ի վեր։ Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ Ադրբեջանը փորձում է պատմության նենգափոխմամբ, կեղծմամբ, հարևան ժողովուրդների ստեղծած նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության յուրացմամբ ու խեղաթյուրմամբ իր տեղն ապահովել քաղաքակիրթ աշխարհում և քաղաքակրթական արժեքներ ստեղծած ժողովուրդների ցանկում։ Սեփական հանրության շրջանում պատմական ինքնահաստատման ծայրահեղ փորձերին վերջին տասնամյակներում գումարվել է նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու, անցյալի մասին խեղաթյուրված պատկերացումներ տարածելու և դրանք ի շահ ներկայիս խնդիրների ծառայեցնելու անընդունելի և դատապարտելի պրակտիկան։ Ադրբեջանի ազգայնական, ծավալապաշտական նկրտումներն առիթ են դարձել, որպեսզի համակարգային կերպով խեղի երկրամասի մի քանի հազարամյակի պատմությունը՝ հայերին ներկայացնելով որպես եկվոր տարր՝ զուրկ մշակութային ինքնակա հատկանիշներից, մարդկային և մարդասիրական նկարագրից։ Եվ այս ամենը կատարում է մի պետություն, որը վերջին հարյուրամյակում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությանը առնվազն երեք անգամ ենթարկել է ջարդի ու տեղահանության, մի պետություն, որը հերոսացրել է հայ սպային կացնահարած մարդասպանին, որը 10 ամիս շարունակ 120 հազար հայերի ենթարկել է բռնի սովահարության, մի պետություն, որը բառացիորեն շաբաթներ առաջ պատճառ է դարձել 13 երեխաների սպանության։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ հայատյաց էթնոքաղաքական միֆերի ստեղծմանը, որոնք միայն խոչընդոտում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ձեռքբերմանը, պահանջում ենք խեղաթյուրելու փոխարեն արդարացիորեն առերեսվել պատմական իրականությանը և այդ հիմքով կառուցել սեփական հանրության գաղափարական դաստիարակությունը, որովհետև պատմության իմացության պարագայում ադրբեջանական իշխանությունները կիմանային, թե ինչով է ավարտվում ծայրահեղ ազգայնականությունը»,- ասված է հայտարարության մեջ

Տեսանյութեր

Լրահոս