Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 238 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 238 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում:

Այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Կրթությունը Երևանում ստանում է 3595 երեխա, Կոտայքի մարզում՝ 1964, Արարատում՝ 1597, Արմավիրում՝ 956, Լոռիում՝ 635, Գեղարքունիքում՝ 535, Արագածոտնի մարզում՝ 512, Սյունիքի մարզում՝ 458, Շիրակի մարզում՝ 427, Տավուշում՝ 325, Վայոց ձորում՝ 234:

«Կան դպրոցներ, որոնք հստակ թվով աշակերտներ ընդունելու արտոնագիր ունեն: Այս դեպքում դպրոցը մերժում է աշակերտին ընդունել և ուղղորդում է մոտակա այլ դպրոց: Միայն սա է խնդիրը, որ երբեմն, հավելյալ անհարմարություններ առաջացնելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին ուղղորդում են այլ դպրոցներ: Նման խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզների հետ կապված»,-շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս